Ռուսաստանում աշխատել ցանկացող արտասահմանցիների ադապտացման մասին օրենքի ընդունման պարագայում 2015թ. շուրջ 2 մլն միգրանտներ ստիպված կլինեն լրացուցիչ ռուսերեն սովորել:  Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԴՄԾ պետի տեղակալ Անատոլի Ֆոմենկոն:

Ըստ նրա՝ ԴՄԾ-ն կառավարությանը օրինագիծ է  ներկայացրել ՌԴ տարածքում արտասահմանցիների ադապտացման մասին, որը ենթադրում է, որ 2015թ. հունվարի 1-ից  արտասահմանցի աշխատատանքային միգրանտները, բացառությամբ բարձր որակավորում ունեցող եւ կեցության իրավունքի հավակնող անձանց, պարտավոր կլինեն ռուսերենի, Ռուսաստանի պատմության եւ ռուսական օրենսդրության իմացության թեստ հանձնել:

«Օրենքը բավական հեղափոխական է, բայց կենսականորեն անհրաժեշտ», - ասել է Ֆոմենկոն, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նա հիշեցրել է, որ ամբողջ երկրի տարածքում 300-ից ավելի ռուսերենի ուսուցման դասընթացներ են անցկացվում արտասահմանցիների համար, դրանցից մեկ երրորդը՝ անվճար հիմունքներով: