«Արմավիրի» բժշկական կենտրոնի մասնագետներն ամեն ինչ արել են՝ փրկելու 28-ամյա հղի կնոջ կյանքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սարգիս Խաչատրյանը՝ հերքելով կնոջ հարազատների պնդումները, թե նա մահացել բժիշկների պատճառով:
«Չգիտեմ՝ ով ինչ է ասում, բայց մենք ամեն հնարավորն արել ենք՝ կնոջ կյանքը փրկելու համար: Մնացածը կպարզի դատաբժշկական փորձաքննությունը: Արյունահոսությունից է մահացել, թե ձմերուկի թունավորումից, կպարզի դատաբժիշկը: Երբ պատասխանները կլինեն, այդ ժամանակ կգաք, բժշկի հետ էլ կխոսեք»,- ասաց նա:
Թե ինչ խնդիրներ է ունեցել հղի կինը, գլխավոր բժիշկը հրաժարվեց պատասխանել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրերս 28-ամյա հղի կին էր Մեծամորից հոսպիտալացվել «Արմավիրի» բժշկական կենտրոն, որտեղից էր տեղափոխվել Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Հուլիսի 2-ին կինը մահացել էր:





























