Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում ընթացող «Տիեզերքում էներգիայի ամենամեծ աղբյուրը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի մասնակիցներն, այսօր՝ հուլիսի 3-ին, այցելել են Մայր Աթոռ Ս. Էջմիածին, որտեղ աստղագետներին ողջունել եւ Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությունն է փոխանցել Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերություների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
Հանդիպմանը Հովակիմ եպիսկոպոսն անդրադարձ է կատարել նմանօրինակ ժողովների կազմակերպման կարեւորությանը` վստահություն հայտնելով, որ դրանք լավագույնս խթանելու են միջազգային գիտական հանրության կողմից հայ ժողովրդի համար մեծ նվաճում համարվող գիտական կենտրոնի` Բյուրականի աստղադիտարանի ավելի լայն ճանաչմանը:
Զրույցի ընթացքում հյուրերին ներկայացվել է Հայ Եկեղեցու պատմական ուղին, մասնավորապես կրթական եւ սոցիալական դաշտում իրականացվող արդի գործունեությունը, ինչպէս նաեւ միջեկեղեցական հարաբերությունների ոլորտում արձանագրված սերտ գործակցությունն ու ձեռքբերումները:





























