Սյունիքի մարզի Կապան քաղաքում, հուլիսի 2-3-ին, տեղի է ունեցել Սյունիքի քաղաքային որոնողափրկարարական թիմի INSARAG-ի չափանիշներին համապատասխան ներքին որակավորման վարժանքը:

Վարժանքին մասնակցել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության 47 փրկարար ծառայողներից կազմված թիմը: Այն ստեղծվել է Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Շվեյցարիայի միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալության հետ համագործակցության շրջանակներում իրականացվող «Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագրի շրջանակներում: Թիմին տրամադրվել է INSARAG-ի որակավորում ստանալու համար անհրաժեշտ գույք, կազմակերպվել են համապատասխան դասընթացներ:

Վարժանքի ընդհանուր տեւողությունը կազմել է 36 ժամ, որի ամբողջ ընթացքում տարվել են անընդհատ որոնողափրկարարական աշխատանքներ:

Շվեյցարիայի միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալության կողմից, որպես դիտորդ, մասնակցել են «Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագրի համակարգող Անտոն Բիլանգը եւ նույն ծրագրի փորձագետ Կոէնիգ Մարտիալը: Ուսումնավարժությունը ղեկավարել է ՀՀ ԱԻՆ ՓԾ ԲՊԱՀՎԿ վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ.Եմիշյանը:

Վարժանքին ներկա են գտնվել նաեւ ՀՀ Սյունիքի փոխմարզպետը եւ Կապանի քաղաքապետը: