Հայաստանում իշխանությունները մազոխիստ չեն, որ էլեկտրաէներեգիան առանց պատճառի թանկացնեն: Այս մասին այսօր` հուլիսի 3-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Եթե մենք ուզում ենք ունենալ կայուն էլեկտրաէներգիա, մենք պետք է գնանք այդ քայլին: Հայաստանում իշխանությունները մազոխիստ չեն, որ էլեկտրաէներգիան առանց պատճառի թանկացնեն: Ինչ վերաբերվում է նրան, որ կառավարությունը 105 հազար ընտանիքի հազարական դրամով ավելացրել է նպաստը, ապա ըստ մասնագետների` չորս դրանով թանկացումն ազդում է ութ հարյուրից հազար դրամով եւ այդ չափով էլ 105 հազար ընտանիքի տրվում է այդքան գումարը: Եթե խոսում եք թանկացումներից, խոսեք նաեւ, որ պետական ծառայողների աշխատավարձը բարձրացել է, դիզվառելիքը էժանացել է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց, որով Հայաստանում սպառողների համար էլեկտրաէներգիան այս տարվա օգոստոսի 1-ից կթանկանա 9,9 տոկոսով՝ 3,85 դրամով:

Ցերեկային սակագինը բնակիչների համար 38 դրամից կդառնա 41,85 դրամ՝ մեկ կվ/ժամ-ի դիմաց, գիշերային սակագինը 28 դրամից կդառնա 31,85 դրամ: Գիշերային սակագները գործում են ժամը 22.00-ից մինչեւ առավոտյան ժամը 06.00-ը (մարտի վերջին կիրակիից մինչեւ հոկտեմբերի վերջին կիրակին), եւ ժամը 23.00-ից մինչեւ ժամը 07.00-ն, հոկտեմբերի վերջին կիրակիից մինչեւ մարտի վերջին կիրակին:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թանկացումը պատճառաբանում է «Էլեկտրական ցանցեր» ընկերությունում առաջացած ֆինանսական ճեղքվածքով: