Հարավային Կովկասի անվտանգության հարցերով միջազգային քննարկումների 11-րդ փուլը տեղի կունենա հունիսի 8-ին, որին կմասնակցեն Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պատվիրակությունները, ինչպես նաեւ ԵՄ-ի, ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները:
Այս փուլում ենթադրվում է քննարկել ընթացիկ իրավիճակը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի՝ Վրաստանի հետ սահմանին:
Միաժամանակ խոսք կգնա նաեւ սահմանամերձ տարածքներում միջադեպերի կանխարգելման եւ դրանց արձագանքման նպատակով համատեղ մեխանիզմների կիրառման վերաբերյալ: Վրացական կողմը մտադիր է հատուկ ուշադրություն դարձնել «երկրի հակամարտության գոտիներում մարդու իրավունքների խախտման փաստերի վրա»: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Ջալագանիան: Նրա խոսքով, «երկու աշխատանքային խմբեր կքննարկեն «օկուպացված» տարածքներում միջազգային անվտանգության ապահովման հարցը՝ հաշվի առնելով ոստիկանական եւ խաղաղապահ առաքելությունները»:
Աբխազական կողմը Ժնեւյան քննարկումների հերթական փուլում մտադիր է բարձրացնել «սահմանամերձ Գալիի շրջանում իրավիճակի բարդացման համար Վրաստանի պատասխանատվության հարցը»:
Հարավային Օսիայի պատվիրակությունը կբարձրացնի «Վրաստանի կողմից Մեդվեդեւ-Սարկոզի համաձայնագրի դրույթների հարգման հարցը, որոնք վերաբերում են ուժի չկիրառմանը, հումանիտար բնույթի հարցերին, այդ թվում՝ անհայտ կորածներին, Հարավային Օսիայի քաղաքացիների առեւանգումներին, սահմանի հատմանը եւ այլն»:


























