2 մլն ֆունտ սթեռլինգ գումար տանուլ տված Օմանի ԱԳ նախարարի կինը՝ Նորա ալ-Դահերը, լոնդոնյան The Ritz խաղատան դեմ դատական հայց է ներկայացրել: Այս մասին գրում է The Daily Mirror-ը՝ ուշադրություն դարձնելով այն հանգամանքի վրա, որ 50-ամյա ալ-Դահերն այդ խոշոր գումարը կորցրել է ընդամենը մի քանի ժամվա ընթացքում:
Հիմա ալ-Դահերը պնդում է, որ այդքան գումար կորցրել է խաղատան մեղքով, քանի որ The Ritz-ի աշխատակիցները տեղյակ են եղել խաղամոլության հետ կապված իր խնդիրների մասին եւ չեն օգնել ժամանակին կանգ առնել:
«Եթե ինձ ասեին՝ կանգ առ, ես, իհարկե, անմիջապես այդպես էլ կանեի»,- Газета.Ру-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ալ-Դահերը: Հայցորդի փաստաբան Ռոբերտ Դիկոնի խոսքով, ընդհակառակը, իր հաճախորդուհուն հրավիրել են խաղալ: «Ամեն ինչ Ձեզ համար, արքայադուստր Նորա: Մենք վստահում եքն Ձեզ: Ոչ մի խնդիր: Մի անհանգստացեք: Հաջորդ անգամ Ձեր դրամը հետ կստանաք»,- փաստաբանի վարկածով՝ այսպիսի խոսքերով են խաղատան աշխատակիցները դիմել իր հաճախորդուհուն:
Խաղատունը հերքում է ալ-Դահերի բոլոր մեղադրանքները: Գործի քննությունը շարունակվում է: Հավելենք, որ ալ-Դահերի ամուսինն Օմանի արտաքին գործերի նախարար Սաիդ Բադր բին Համադ բին Համուդ ալ-Բուսայդին է:




























