Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի վերջին հոդվածը խեղաթյուրում է պատմությունը: Այս մասին հուլիսի 4-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի եւ քաղաքական հարցերով ՀՅԴ ղեկավար Կիրո Մանոյանը:

Ըստ նրա՝ դա ոչ միայն թուրք մտավորականության ներկայացուցիչների, այլեւ դիվանագիտության մոտեցումն է: «Դավութօղլուն ակնկալում է, որ Հայաստանն ու սփյուռքը դրական կարձագանքեն իր հոդվածին: Սակայն նա նաեւ ընդգծում է, որ իրենց գլխավոր նպատակներից է ղարաբաղյան հարցի կարգավորումը: ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն արդեն խոսում են այն մասին, որ ղարաբաղյան հարցի կարգավորումից հետո կկարգավորվեն նաեւ հայ-թուրքական հարաբերությունները», - նշել է Մանոյանը՝ ընդգծելով, որ սա եւս մեկ պատճառ է արձանագրությունների տակից ստորագրությունը հետ կանչելու համար:

Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Թուրքիայի գործողություններին անդրադառնալով՝ քաղաքական գործիչը կարծիք է հայտնել, որ ժխտողական քաղաքականությունը չի փոխվել, բայց ավելի մեղմ է տարվում: «Հատկապես արեւմտյան քաղաքական շրջանակների համար թուրքական քայլերը, օրինակ՝ վարչապետ Էրդողանի ուղերձը, կարող են անգամ հաճելի թվալ: Հասկանալի է, որ թուրքական կողմը կփորձի ինչ-որ նոր բան ասել, բայց ակնհայտ է, որ ժխտողական քաղաքականությունը կշարունակվի. Տարբերությունը կլինի միայն ձեւը, բովանդակության մեջ ոչ մի փոփոխություն», - ընդգծել է Մանոյանը:

Հիշեցնենք, Turkish Policy Quarterly  ամսագրում տպագրված հոդվածում Դավութօղլուն հայտարարել էր, որ 1915թ.  իրադարձսությունների շուրջ «անարդարացի հիշողություն» է ձեւավորվել, եւ որպեսզի հայերն ու թուրքերը հասկանան՝ ինչի միջով են անցել, պետք է հարգեն մեկը մյուսի հիշողությունը: «Հայերի համար 1915թ. տեղահանումների տարի էր, որի ընթացքում մեծ ողբերգություններ տեղի ունեցան: Դրա նախորդ և հաջորդ տարիները զարհուրելի ողբերգությունների տարիներ էին Անատոլիայի թուրքերի համար: Հենց այդ ժամանակ թուրքերը գոյության համար կռիվ էին մղում Բալկաններում, Չանաքալում եւ անկախության համար պատերազմում: Իրականում այդ ժամանակաշրջանը համատեղ ցավի տարիներ էին», – գրել է Դավութօղլուն: