Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 4-ին ընդունեց Ցեղասպանության ճանաչման համար պայքարող թուրք մտավորական Ռագըփ Զարաքոլուին:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Ռագըփ Զարաքոլուն Հայաստան է ժամանել «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. վերապրածների վկայություններ» արխիվային փաստաթղթերի եռահատոր ժողովածուի հիման վրա ստեղծված թուրքերեն միահատորյակի շնորհանդեսին մասնակցելու նպատակով: Շնորհանդեսը կայացել է հուլիսի 3-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, որտեղ ուշագրավ ելույթով հանդես է եկել թուրք մտավորականը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը բարձ գնահատելով թուրք մտավորականի ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման գրծում նշեց. «Ձեզ ընդունում ենք որպես ազնիվ մտավորականի, եղբոր, որ չի կարողանում ապրել կեղծիքի, ստի եւ անարդարության մթնոլորտում: Ցեղասպանությունից անցել է 100 տարի, թուրք ժողովուրդը պետք է ազատվի այդ բեռից եւ այդ հարցում ժողովրդին պետք է առաջնորդեն Ձեր նման մտավորականները»: Նա առանձնահատուկ կարեւորեց Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքերի, աշխատությունների հրատարակումը՝ շեշտելով Ցեղասպանության ականատեսների վկայությունների փաստագրման եւ հրապարակման գործում Ռագըփ Զարաքոլուի մեծ ավանդը: «Ցեղասպանությունը մինչ օրս շարունակվում է.
Հայաստանի նկատմամբ 25 տարի շարունակվող շրջափակմամբ, հայկական սփյուռքի հոգեկան տառապանքներով ու դեգերումներով». նշեց տիկին Հակոբյանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ թուրք մտավորական Ռագըփ Զարաքոլուն՝ հանուն Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ արդարության վերականգնման իր պայքարը համարեց պատվո պայքար։ Նա տեղեկացրեց, որ շարունակում է վկայությունների ու ականատեսների պատմությունների հավաքագրումը եւ առաջիկայում հրապարակելու է եւս 2 գիրք՝ մեկը քրդերի, մյուսը՝ իսլամացած կանանց վկայությունների մասին: Նախարար Հրանուշ Հակոբյանը պատրաստակամություն հայտնեց Ռագըփ Զարաքոլուի նշած 2 գրքերի շնորհանդեսը կազմակերպել Սփյուռքի նախարարությունում: Ի դեպ, թուրք մտավորականը տեղեկացրեց, որ վերսկսել է հայոց լեզվի տիրապետելու իր ընդհատված դասընթացը, եւ հույս հայտնեց , որ շուտով Հայաստանում հաղորդակցվելու համար այլեւս թարգմանչի կարիք չի ունենա:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման, հետեւանքների վերացման, պահանջատիրության, ինչպես նաեւ ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպվելիք միջոցառումներին վերաբերող հարցեր:





























