Նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալներից յուրաքանչյուրին առաջադրված մեղադրանքին առնչվող կարճ տեսագրությունները, որոնք այսօր՝  հուլիսի 4-ին, ցուցադրվում են Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, ամբաստանյալներն արձագանքում են հումորով ու հեգնանքով։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ամբաստանյալ Ալեք Պողոսյանին առնչվող տեսանյութը դիտելիս Շանթ Հարությունյանը Ալեք Պողոսյանին կատակելով ասել է. «Արա, էս մլիցեքի հետ փախնում էի՞ր»:

Ամբաստանյալներից Միսակ Առաքելյանին առնչվող տեսանյութի դիտման ժամանակ էլ Շանթ Հարությունյանը ծիծաղելով  նրան հարցրել է .«Տեսանյութում դու որտե՞ղ էիր», Միսակ Առաքելյանը պատասխանել է՝ «Չգիտեմ, չեմ երեւում կադրում»:

Ամբաստանյալ Մկրտիչ Հովհաննիսյանի պաշտպանը միջնորդել է իր պաշտպանյալի վերաբերյալ տեսանյութը ցուցադրել եւս մեկ անգամ՝դանդաղեցված, քանի որ տեսանյութերը կարճ էին, մի քանի վայրկյան տեւողությամբ։

Նշենք, որ այս դատական նիստին դատարանը հետազոտում է դեպքի օրվա տեսանյութերը, որոնք կցված են գործին:

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):