Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 4-ին, Նոյեմբերի 5-ի գործով դատական նիստին դեպքի օրվա տեսագրությունների հետազոտումից հետո ամբաստանյալ Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ տեսանյութերից երեւում է, որ ինքը չի հայհոյել։
«Էնտեղ ինչ եղել է, հայհոյանք չի եղել, էնտեղ մի բառ կա, որ օգտագործել եմ, դա որպես հայհոյանք չեմ օգտագործել: Cука բառն եմ օգտագործել, որը ռուսերենից թարգմանաբար նշանակում է՝ շան քած: Ռուսաստանում դա օգտագործում են նրանց համար, ովքեր պատվեր են կատարում: Իմ էդ հոգեվիճակում, երբ որ օրերով գալիս, ասում են՝ սնայպերով խփելու են, պրովոկատորները գալու են, կոնֆլիկտ սարքեն, տփոցի սարքեն, նման իրավիճակում, բնական է: Դատավորին, մարդուն փչացնում են, երբ ստիպում են, որ սրիկաները հայրենասերների դեմ դուրս գան պրովոկացիայի»,-ասաց Շանթ Հարությունյանը:
Նշենք,որ այս դատական նիստին դատարանը հետազոտում էր դեպքի օրվա տեսանյութերը, որոնք կցված են գործին:
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):





























