«Ապարան» խմելու ջրի արտահանված խմբաքանակից եւ մեկ այլ խմբաքանակից արվել են նմուշառումներ մանրէաբանական, ամոնիումի աղերի, նիտրատների առկայությունը եւ անվտանգության ցուցանիշներով հետազոտելու համար, որի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել: Այդ մասին ասվում է Սննդամթերքի անվտանգության պահպանության ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

ՍԱՊԾ-ն հայտարարությունը տարածել է ի պատասխան լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության, որ Ռուսաստանի Դաշնություն արտահանված, «Ուոթերլոկ» ՍՊԸ-ի արտադրանք հանդիսացող «Ապարան» խմելու ջրում լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են նորմատիվային պահանջներից շեղումներ միկոօրգանիզմների եւ նիտրատների մասով, եւ նշում, որ փորձաքննությունն արվել է նույն օրն իսկ:

«Համաձայն ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի փորձարկման 03.07.2014թ. արձանագրությունների` «Ապարան» խմելու ջուրը համապատասխանում է 2002թ. դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական նորմերը եւ կանոնները հաստատելու մասին» N 876 հրամանով նախատեսված պահանջներին»: