Թուրք գործարար Սինան Սոլմազը, որը նախկինում Ֆրանսիայի «Duralex» ապակու գործարանի ղեկավարն էր, Օռլեանի քրեական դատարանի կողմից դատապարտվել է երեք տարվա ազատազրկման՝ կորպորատիվ ակտիվները չարաշահելու եւ վատնումների կամ քողարկման  միջոցով սնանկացման գործընթաց սկսելու համար, գրում է «Francetv info» կայքը:

Ձեռնարկատերը, որը չի ներկայացել դատին,  դատապարտվել է նաեւ 200 հազար եվրո տուգանքի եւ Ֆրանսիայում 15 տարի  բիզնես վարելու արգելքի:

Դատախազությունը 2012 թ. հետախուզման մեջ գտնվող Սինան Սոլմազին անվանել է «խաբեբա ձեռնարկատեր, որն օգտվում է իր ընկերության գործունեության վերջին րոպեներից՝ նրանից  վերջին միջոցները քամելու համար»: Թուրքիայում բնակվող գործարարը հրաժարվել է Ֆրանսիա վերադառնալ՝ իր գործողությունների համար պատասխան տալու: Նա ընկերությունը սկսել էր ղեկավարել 2005 թ. դեկտեմբերին՝  «Duralex»-ի առաջին սնանկացումից հետո: Այնուհետեւ նա ներկայացել էր որպես ընկերության փրկիչ, սակայն կես տարի անց «Duralex»-ը դժվար կացության մեջ է հայտնվել: Չնայած դրան՝ թուրք գործարարը հետագայում էլ էր Օռլեանի Առեւտրային դատարանից  իր գործունեությունը շարունակելու թույլտվություն ստացել: