Հռոմի կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոսներից մեկը կարծում է, որ կրքահայրերին եւ կնքամայրերին պետք է արգելել մասնակցել մկրտության ծիսակարգին: Այդ կերպ, ըստ նրա, մաֆիան չի կարողանա, օգտվելով կնքահոր եւ կնքամոր ազդեցությունից, կլանների միջեւ ամրապնդել հարաբերությունները:
Նման առաջարկությամբ հանդես է եկել Ջուզեպպե Մորոզինին՝ Հարավային Իտալիայի Ռեջիո դի Կալաբրիա շրջանի արքեպիսկոպոսը: Այս շրջանը համարվում է մաֆիայի հենակետը: Մորոզինին կարծում է, որ հարկավոր է 10 տարով հրաժարվել մկրտության կնքահոր եւ կնքամոր ինստիտուտից, որպեսզի Եկեղեցին «չօգտագործեն մաֆիական կլանների միջեւ կապեր ստեղծելու նպատակով»: Այս մասին գրում է InoPressa.ru.со կայքը՝ հղում կատարելով բրիտանական The Daily Mail թերթին:
Պարբերականի փոխանցմամբ, մկրտության արարողության ժամանակ դաշինքներ են ստեղծվում: Կնքահոր՝ padrino-ի դերը մաֆիայի ներկայացուցչին հնարավորություն են ընձեռում ամրապնդել կապերը հաջորդ սերնդի հետ:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Եկեղեցուց վտարեց Իտալիայի տարբեր հանցավոր խմբավորումների անդամներին:
Ըստ NEWSru.com-ի, Իտալիայի հարավում գտնվող քաղաքներից մեկում Պատարագից հետո քարոզի ժամանակ Հռոմի Պապը խոսել է Կալաբրիայից «Նդրանգետա» խմբավորման մասին: Նա ասել է, որ մաֆիական խմբավորումները «չարին են երկրպագում», եւ ընդգծել, որ նրանք վտարված են Եկեղեցուց:





























