Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 16-րդ դատարանում սկսվել է Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ, արք. Արամ Աթեշյանից խաբեությամբ 6 հազար լիրա շորթելու գործով դատավարությունը։
Թուրքական Haber7 կայքի փոխանցմամբ՝ դատական նիստի ժամանակ Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ,արք. Արամ Աթեշյանը պատմել է, որ նախորդ տարի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ խոսել են «Սանասարյան հանի»՝ հայկական համայնքին վերադարձնելու հետ կապված խնդրի շուրջ։ «Այդ հանդիպումից օրեր անց պատրիարքարան է զանգել մի անձ եւ ներկայացել, թե ազգային կադաստրի տեսուչներից է եւ շեշտել, թե ինքը վարչապետի հրահանգով է եկել, քանի որ «Սանասարյան հանը» վերադարձվելու է պատրիարքարանին։
Այդ մարդը մեզ հետ հանդիպմանը թղթեր տվեց եւ խնդրեց լրացնել եւ խոստացավ մի քանի օրից բերել «Սանասարյան հանի» փաստաթղթերը։ Նա մեզնից նվեր ուզեց։ Ես նրան 3 հազար լիրա տվեցի, նա պնդեց, թե քիչ է, ես եւս 3 հազար տվեցի։ Նա գնաց եւ այլեւս չեկավ։ Ես զանգեցի վարչապետի աշխատակազմ եւ հասկացա, որ խաբվել եմ»,-ասել է արք. Աթեշյանը։
Արք. Արամ Աթեշյանի փաստաբանը պնդել է, թե տեղի ունեցածը շատ կասկածելի է, քանի որ «Սանասարյան հանի» վերաբերյալ զրույցը տեղի է ունեցել Էրդողանի եւ Աթեշյանի միջեւ եւ չգիտես ինչպես է այն եւս մեկին հայտնի դարձել։ Փաստաբանը կասկածելի է համարել նաեւ Պատրիարքարանի մուտքի մոտ գտնվող անվտանգության տեսախցիկներից հիշյալ օրվա տեսագրությունների անհետանալը։ Փաստաբանը պահանջել է ընդլայնել դատավարությունը՝ լույս սփռելու մութ հարցերին։
Դատական նիստը հետաձգվել է՝ մինչեւ սեպտեմբերի 4-ը։




























