Հայ Հեղափոխական Դաշնակցության Արաբկիրի «Կոմիտաս» կոմիտեն կոչ է հրապարակել` ընդդեմ Երեւանում Անաստաս Միկոյանի արձանը կանգնեցնելու որոշման։ Կոչը մամուլին հղելուց առաջ այն պաշտոնապես փոխանցվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գրասենյակին։

«Արաբկիր վարչական շրջանը Երեւան քաղաքի մաս է կազմում ու որպես այդ շրջանի ներսում գործող դաշնակցական միավոր, չէինք կարող անտարբեր մնալ մեր քաղաքին վերաբերող եւ որպես նախընթաց լուրջ հետեւանքների դուռ բացող այս որոշման հանդեպ»,- հայտնել է ՀՅԴ «Կոմիտաս» կոմիտեի ներկայացուցիչ Վահան Հարությունյանը։

Կոչում, մասնավորապես, ասվում է.

«Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ՀՅԴ «Կոմիտաս» կոմիտեն քննարկեց վերջերս Երեւանի ավագանու՝ Անաստաս Միկոյանի արձանը կանգնեցնելու մասին որոշումը, որը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել հանրության լայն զանգվածի մեջ: Գաղտնիք չէ, որ Անաստաս Միկոյանը ոչ այլ ինչ է, քան բոլշեւիկյան մարդատյաց մսաղացի գաղափարների կրողն ու ջատագովը, նրա գիտությամբ հազարավոր ընտանիքներ աքսորվեցին, իսկ հազարավոր հայորդիներ զոհվեցին, որոնց շարքերում  էին հանճարներ Չարենցը, Բակունցը, Խանջյանը եւ ուրիշներ:Ուստի պահանջում ենք անսալ ժողովրդի պահանջին եւ ո՛չ միայն բեկանել  Անաստաս Միկոյանի արձանը Երեւանում կագնեցնելու որոշումը, այլ նաեւ վերջ տալ մեր ժողովուրդի պատմությունը նենգափոխելու բոլշեւիկյան գործելաոճին»: