Այն, ինչ կատարվել է Արարատյան դաշտի ստորերկրյա ավազանի հետ եւ այն, ինչ հիմա կատարվում է Սեւանի հետ,  խոսում է մեր վատ տնտեսվարության, վատ կառավարման մասին: Այս մասին, հուլիսի 4-ին, «ԷկոԼուր»-ի «Բիբլիական աղետ» ֆիլմի շնորհանդեսի ժամանակ ասել է անկախ փորձագետ Սեյրան Մինասյանը:

«Կա Հրազդան գետը, կա Սեւջուր գետը, կա Վեդին, կա Ազատը, Արաքսից ջուրը վերցնում են, մի հատ էլ Սեւանից բաց են թողնում: Երկու ամիս առաջ Արարատյան ստորերկրյա ավազանի վերեւի հատվածում այլեւս ջուր չկար, Սեւանից պետք էր ջուր բաց թողնել...դա շանտաժով ընդունվեց: Անցավ երկու ամիս կառավարությունը որոշում է նոր հորեր գործարկել առանց բացատրության: Եթե Սեւջուր գետի վերին հատվածում ջուր չկա, հիմա այս 100 հորն էլ բացեցիք, այնտեղ ինչքա՞ն ջուր կմնա: Սա արվում է այն պատճառով, որպեսզի հունվար ամսին նորից Սեւանի հարցը բարձրանա»,- ասել է Ս. Մինասյանը:

Փորձագետի կարծիքով՝ այդ ամենը դիտավորյալ է արվում, դիտավորյալ ոչնչացվում է Արարատյան դաշտի ստորերկրյա ավազանը եւ Սեւանա լիճը` որպես հայ ժողովրդի գոյության, ապրելու կենսական տարածք:

«Սեւանա լճի մասին խոսում են մի այն մի չափանիշով՝ ջրի քանակով, սանտիմետրով: Դա մետրի եւ սանտիմետրի խնդիր չէ, դա ջրային էկոհամակարգ է իր ամբողջության մեջ,մարդկանցով, բնությամբ, կենդանիներով, ամեն ինչով:  21-րդ դարն է, մարդիկ վաղուց անցել են էկոհամակարգային մոտեցման, իսկ մեզ մոտ ընդամենը սանտիմետր է: Վեջիվերջո, տարեկան մոտ 7-8 միլիարդ խ/մ քաղցրահամ ջուրը թույլ է տալիս այս մեր 30 000 քառ. կմ վրա մինչեւ 8 միլիոն մարդ ապրի: Սա է մեր կենսական տարածքը, բայց մենք այս 3 միլիոնով չենք կարողանում այդ 8 միլիարդը ճիշտ օգտագործել: Վերցնենք Ջրպետկոմի 2013 թ-ի հաշվետվությունը, որը նայում ենք, 80 տոկոսի կորուստ է, եւ որպես նվաճում գրված է` 81.4 -ը դարձել է 79.8: Այսինքն, մենք ունենք ջրի 80 տոկոսի կորուստ, բայց գնում Սեւանից նորից վերցնում ենք, Արարատյան դաշտից նորից վերցնում ենք: Վերջին հաշվետվությամբ 1 միլիարդ 850 միլիոն Արարատյան դաշտի ստորերկրյա ավազանից վերցրել են, հիմա նորից վերցնում ենք: Ի՞նչ ենք ուզում անել... ինձ մոտ այն տպավորությունն է, որ պարզապես բերվում է մի վիճակի, որ այստեղից մարդիկ ընդհանրապես գնան, խոսքը նույնիսկ պետության մասին չէ, խոսքը կառավարության մասին չէ, բերվում է մի վիճակի, որ մարդ այստեղ չկարողանա գոյություն ունենալ, չկարողանա ապրել մի 5 տարվա կտրվածքով: Պատասխանատու ասում եմ՝ բնության մեջ ուղիղ գծային պրոցեսներ չեն լինում:  Ես հիմա այլեւս չեմ անհանգստանում այդ ձկնաբուծական ծրագրի համար: Մի 2-3 տարի հետո սաղմոն ձուկ պահելու համար լճի ջրի որակը բավարար չի լինելու: Մենք Սեւանա լճի էկոհամակարգի համար 60-ական թվականներին միլիարդավոր դոլարներ ենք ծախսել, կառուցել ենք Արփա-Սեւան թունելը, իսկ այսօր մեկ չափանիշ կա՝ սանտիմետր: Այդ 6,5 մետրի պահը անցել է արդեն, այդ 6,5 -ը կար այն ժամանակ, որբ Սեւանա լճում կար  20-30 հազար տոննա տարեկան վերարտադրվող ձկնապաշար: Այսօր դա չկա: Կարդինալ իրավիճակ է փոխվել: Մյուս կարդինալ իրավիճակն այն է, որ անտառները մնացել են ջրի տակ: Այնքան անազնիվ ենք, որ 20 սմ -ն էլ համարում ենք նվաճում, որ իբր 20 սմ-ն բարձրացել է: Իրականում կորեկցիա է եղել: Ոչ մի 20 սմ հավելյալ բարձրացում չի եղել: Այդքանից հետո թույլ տվեք չհավատալ ցանկացած նախարարի, ցանկացած նախագահի, ցանկացած մասնագետի ասածի: Հրազդան գետի բնական ելքը եղել է տարեկան 80-90 միլիոն խմ, դրանից ավելի Սեւանից ջուր չպետք է վերցնել: Հիմա եկել ենք մի վիճակի, որ վատ ենք կառավարում եւ եթե չկառավարենք, կարող է ավելի լավ լինել»,- իր ելույթում մասնավորապես նշել է փորձագետը:

Սեյրան Մինասյանն առաջարկում է մոդելավորել Սեւանա լճի էկոհամակարգի դինամիկան, բոլոր սցենարները հաշվի առնել եւ ընտրել լավագույն սցենարը: