Ռուսաստանի Դաշնության  Դաշնային ժողովի   Պետական  Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հրավերով, հուլիսի 6-ին, պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում են  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը,   ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանը, Աբրահամ Մանուկյանը, Միքայել Մանուկյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Մոսկվայում հանդիպումներ կունենա Ռուսաստանի Դաշնության  Դաշնային ժողովի   Պետական  Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի,  Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի  հետ:   Նախատեսված է նաեւ հանդիպում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմի, ՌԴ-ում հավատարմագրված  ՀՀ պետական կառույցների, հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հուլիսի 7-ի երեկոյան ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան: