Taraf պարբերականում հրապարակված հոդվածով, թե հայ-թուրքական սահմանը հնարավոր է սեպտեմբերից բացվի, Թուրքիան փորձում է հասկանալ, թե աշխարհն ինչպես կարձագանքի դրան, որպեսզի հետո իր քաղաքականությունը վարի. Թուրքիայի դիվանագիտությունը շատ լավ աշխատում է իր մամուլի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով թուրքական պարբերականի հայտարարությանը

«Հայ-թուրքական սահմանը մեր կողմից երբեք փակ չի եղել, այն փակ է եղել միայն թուրքական կողմից: Թուրքական դիվանագիտությունն էլ շատ լավ աշխատում է իրենց մամուլի հետ, որը Հայաստանում ցավոք սրտի չկա. Ես ուրախ կլինեի, եթե Հայաստանում էլ դիվանագիտությունն ու մամուլն իրար հետ աշխատեն: Այստեղ հարց է առաջանում՝ արդյոք սա օգտագործվում է իրենց կողմից՝ ստուգելու այս բոլոր գաղափարները, թե հետո աշխարհն ինչ կասի, արդյոք հայ հասարակությունն ինչ կասի, ինչ կարծիքներ կհայտնի, ինչպես կօգտագործի, ինչ վերլուծություններ կանի եւ ստուգելով բոլոր տրամադրությունները՝ Թուրքիան իր քաղաքականությունը կանի: Եթե թուրքական շահերի շրջանակում գալիս է մի գաղափար, որտեղ Հայաստանի հետ հարաբերությունները ուղղելու համար աշխարհը մեղմացնի իր ճնշումները, քանի որ եւ ամերիկացի, եւ եվրոպացի, եւ ռուս պաշտոնյաները վերջերս հայտարարում են, որ պետք է նորմալացնել հայ-թուրքական հարաբերությունները, ուրեմն գոյություն ունի ներքին ճնշում Թուրքիայի վրա, թե պետք է Հայաստանի հետ հարաբերությունները բարելավել, հատկապես 100-ամյակի շեմին»,- ասաց նա:

Նշենք, որ թուրքական պարբերականը հուլիսի 4-ին հայտնել էր, որ վարչապետ Էրդողանի հանձնարարականով հնարավոր է սեպտեմբերից բացվի հայ-թուրքական սահմանը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am