Դուք կարծում եք աշխատավարձերի բարձրացման այս փուլում նախագահ Սերժ Սարգսյանի կամ կառավարության համար ցանկալի՞ էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հրաման տալը։ Այս մասին հուլիսի 5-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Ըստ նրա` դրան առաջին հերթին դեմ էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: «Ի՞նչ եք կարծում, կգտնվի՞ արդյոք ՀՀ մի քաղաքացի, որը կցանկանար էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում: Պատահական չէ, որ հանձնաժողովի նիստից առաջ երկար քննարկում տեղի ունեցավ նաեւ կառավարութունում, որտեղ ելք էին փնտրում այս վիճակից: Եվ բնականաբար, քանի որ այլ տարբերակ չկար, եւ քանի որ համոզվեցին, որ ստեղծված պայմաններում այլընտրանք չկա, հենց ՀՀԿ-ի առաջարկով ստեղծվեց համապատասխան հանձնաժողով` «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեությունը ստուգելու նպատակով, - նշել է Վահրամ Բաղդասարյանը: Նա ընդգծել է, որ բոլոր տարբերակներն ուսումնասիրելուց հետո, եզրակացրել են՝ թանկացումը պետք է կատարվի տվյալ փուլում:
Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացումը նախատեսված է օգոստոսի 1-ից։ Այն բնակչիչների համար կկազմի 10%, ձեռնարկությունների համար՝ մինչեւ 15%։
Կառավարությունը 105 հազար անապահով ընտանիքների համար կփոխհատուցի թանկացումը. 1000 դրամով կավելանան ընտանեկան նպաստները, սոցիալական նպաստները եւ կիսամյակային անհետաձգելի օգնությունը։





























