Կալիֆորնիայի Մանհեթեն Բիչ քաղաքի լողափում սպիտակ մեծ շնաձուկը հարձակվել է լողացողների խմբի վրա: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, մեկ մարդ է տուժել:
Լոս Անջելեսի ոստիկանության տեղեկացմամբ, միջադեպը գրանցվել է տեղական ժամանակով 09:30-ին: Մի տղամարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում:
Ականատեսները վկայում են, որ գիշատչի երկարությունն առնվազն 3 մետր է կազմել: Շնաձկան հարձակման պահին լողորդն ափից 20 մետր հեռավորությամբ է գտնվել: Այս դեպքից հետո տեղական իշխանությունները որոշել են ժամանակավորապես փակել մոտակա մի քանի լողափեր:
Նշենք, որ Կալիֆորնիայում մարդկանց վրա շնաձկների հարձակման դեպքերը բավական հազվադեպ են: Անցյալ տարի ԱՄՆ-ում շնաձկների հարձակումներ գրանցվել են Ֆլորիդա եւ Հավայի նահանգներում: Ընդհանուր առմամբ, 47 դեպք է գրանցվել, որոնցից երկուսը մահացու ելք են ունեցել:




























