Բեյրութի «Հակոբ Տեր Մելքոնյան» թատերասրահում այսօր՝ հուլիսի 6-ի երեկոյան, ելույթ է ունենալու վաստակավոր կոմպոզիտոր եւ դաշնակահար Ռոբերտ Ամիրխանյանը: Կոմպոզիտորը Բեյրութում է Համազգային հայ կրթամշակութային միության Լիբանանի շրջանային վարչության հրավերով:

Լիբանանի հայկական «Ազդակ» օրաթերթին տված հարցազրույցում Ռոբերտ Ամիրխանյանը նշել է. «Լիբանան գալն ինձ համար հրաշալի հոգետոն է: Լիբանանահայերն ապրելու հզոր, կենսական ու վարակիչ ուժ ունեն: Այդ հոգետոնի առաջին դրոշմը զգացել եմ 1971 թվականին: 43 երկար տարիներ են անցել այդ ժամանակից, բայց այն, ինչ ես տեսա Բեյրութում, աշխարհում որեւէ այլ անկյունում չեմ տեսել»: Նա նաեւ հավելել է, որ կիրակի նախանշված համերգի ընթացքում ցանկանում է երկխոսություն ունենալ, ցանկանում է խոսել ներկաների հոգիների հետ, զրույց ունենալ՝ հոգեզրույց:

Ներկայացվելու են կոմպոզիտորի ինչպես նոր, այնպես էլ վերջերս գրված, դեռեւս որեւէ բեմում չհնչած ստեղծագործություններ: «Ծրագիրը սկսելու եմ երեք անանձնական երգերով. Միսաք Մեծարենցի «Տո՛ւր ինծի, Տէ՛ր, ուրախութիւնն անանձնական», Եղիշե Չարենցի «Տաղ անանձնական» եւ Վահագն Դավթյանի «Անձկություն» ստեղծագործություններով: Անանձնության զգացողությունը պատմական խոր արմատներ ունի, որոնց միջոցով էլ գտնելու եմ այդ հոգեզրույցը»,- «Ազդակ»-ի թղթակցին ասել է Ռոբերտ Ամիրխանյանը:

Հավելենք, որ համերգին մասնակցելու է նաեւ տեղի «Կարկաչ» երգչախումբը՝ Զաքար Քեշիշյանի խմբավարությամբ: