Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լուրջ է որակել Գերմանիայի քաղաքացիներից մեկի՝ ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեջ մեղադրվելը:

Ըստ նրա` եթե տեղեկությունը հաստատվի, այն կարող է խաթարել երկրների միջեւ վստահությունը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նշենք, որ սա Մերկելի առաջին մեկնաբանությունն է անցյալ շաբաթ գերմանական գաղտնի ծառայությունների աշխատակցի ձերբակալությունից հետո: 

Ըստ քննության` նրա եւ ԱՄՆ հատուկ ծառայությունների միջեւ համագործակցությունը շարունակվել է երկու տարի, որի ընթացքում նա ամերիկյան կողմին հանձնել է 200-ից ավելի փաստաթուղթ: 

Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դը Մեզիերը Վաշինգթոնից բացատրություն է պահանջել: Հիշեցնենք, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները զգալի վատացել էին, երբ պարզվել էր, որ ԱՄՆ ԱԱԳ-ն գաղտնալսում է Անգելա Մերկելի հեռախոսը: