Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի եւ 315-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ նախապատրաստված նյութերի` 2014թ. հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը «Նուբարաշեն հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ տարածքում ծառայություն իրականացրած ոստիկանները, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները, այն է` անուշադիր են եղել ծառայության ընթացքում, որի հետեւանքով նշված ընկերությունում դատահոգեբուժական փորձաքննություն անցնող, ոստիկանությունում քննվող քրեական գործով մեղադրյալ, կալանավոր Ղուկաս Ա.-ն շենքից դուրս է եկել բակ եւ դիմել փախուստի:

Բացի դրանից, ՀՀ ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի հերթապահ տեսուչը, ահազանգ ստանալով կալանավորի փախուստի դիմելու մասին, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, այն է` դեպքի մասին օպերատիվ հաղորդագրություն չի տվել ու չի հաշվառել, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Կատարվում է նախաքննություն: