Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Փարիզում առաջարկված հանդիպման միջոցով Արեւմուտքը փորձում է ղարաբաղյան հիմնախնդիրը Մինսկի խմբի շրջանակներում պահել, քանի որ ոչ մի այլ բան հնարավոր չէ. որքան էլ արեւտմյան երկրները ջանք թափեն, Մադրիդյան սկզբունքների շուրջ համաձայնության հասնելն անհնար է: Այդ մասին այսօր՝ հուլիսի 7-ին, հայտարարեց Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստուտի հիմնադիր եւ ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը, հավելելով, որ ինքն այդ հանդիպումից լուրջ ակնկալիքներ չունի:

Նրա խոսքով՝ նշված հանդիպման ողջ նպատակը Մինսկի ձեւաչափի պահպանումն ու նախագահների հանդիպումը պարբերաբար դարձնելն է: «Ռուսաստանը Կովկասում գերշխող խաղացողի դերը վերականգնելու նպատակ է դրել, ինչին որպես անուղղակի գործիք է ծառայում ղարաբաղյան հիմնախնդիրը. սա միակ հակամարտությունն է, որ թույլ է տալիս ազդել Ադրբեջանի ու Հայաստանի վրա: Եվ պատահական չէ, որ ամերիկացի համանախագահը փորձում է ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբին, քանի որ դա հնարավորություն է տալիս թույլ չտալ, որպեսզի խնդրի կարգավորումը Ռուսաստանի ձեռքն անցնի», - նշել է Սաֆարյանը: Այս իրավիճակում, նրա համոզմամբ, մեկ մխիթարություն կա. Արեւմուտքի հետ Ադրբեջանի հարաբերությունները լրջորեն լարված են, եւ դա թույլ չի տալիս Բաքվին դիմել բախտախնդիր ռազմական գործողությունների: