Նույնիսկ 2015թ. հունվարի 1-ին Հայաստանը չի անդամակցի ՄՄ-ին եւ ԵՏՄ-ին, հուլիսի 7-ի մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը: 

Ըստ նրա` իր համար սկզբից էլ պարզ էր, որ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին եւ ԵՏՄ-ին պայմանավորված է մի շարք գործոններով: «Ես երբեք չեմ սպասել, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը տեղի կունենա  նշված ժամկետներում: Դրա պատճառները շատ են», - նշել է նա` առանձնացնելով երեքը: Ստեփան Սաֆարյանն ընդգծել է, որ առաջին պատճառը մաքսային սակագները բարձրացնելն է, որն այդպես էլ չլուծվեց  նույնիսկ մեկ ամիս անց: «Երկրորդ պատճառը մաքսային տարանցիկ  ձեւակերպումների խնդիրն է, որը  նույնպես չէր լուծվել` Վրաստան նախագահի այցից հետո. Վրաստանը չհամաձայնեց  տարանցիկ փոխադրումներ կատարել ՄՄ-ի շուկաներ` առանց  մաքսատուրքի: Եվ, վերջապես, ղարաբաղյան հիմնախնդիրը. չնայած պաշտոնապես այն  խոչընդոտ չի ԵՏՄ-ին Հայաստանի միանալու  ճանապարհին, ակնհայտ է, որ այն գոյություն ունի, եւ դրա ողջ նպատակն է Ադրբեջանին նույնպես ներգրավել եվրասիական նախագծերում», - ընդգծել է վերլուծաբանը:

Հիշեցնենք,  հուլիսի 3-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետաձգման պատճառները դեռ հայտնի չեն, սակայն, համենայն դեպս, քաղաքական որեւէ խնդիր չկա: Ըստ նրա` պայմանավորվածություն է եղել, որ  Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները հուլիսի 3-ին պետք է հանդիպեն, սակայն, այդ հանդիպումը տեղի չի ունեցել:  Վարչապետը, սակայն, վստահություն է հայտնել, որ մինչեւ տարեվերջ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը կլուծվի: