Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին, որը քրեական գործի շրջանակում երկրից չբացակայելու ստորագրություն է տվել, իսկապես մեկ ամսով լքել է հանրապետությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սպարտակ Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
«Վարույթ իրականացնող մարմնին Սպարտակ Ղուկասյանը դիմել էր, որ Հայաստանից դուրս գնա: Նրա թույլտվությամբ է լքել Հայաստանը եւ ինչպես խոստացել էր, վերադարձավ: Մեկ ամիս իսկապես Հայաստանում չէր, բայց հուլիսի 2-ին Վահե Ղուկասյանի դատին ներկա էր:»,- ասաց փաստաբանը՝ հրաժարվելով հայտնել, թե ինչու է նախկին քաղաքապետի որդին բացակայել Հայաստանից:
Անդրադառնալով քրեական գործին՝ Հայկ Ալումյանը նշեց, որ փորձաքննությամբ հայտնի է դարձել, որ տեսագրության մեջ պարզ երեւում է, որ կրակոց չի եղել. «Պարզվեց, որ ինչում մեղադրում են Սպարտակին, հորինվածք է, տեսագրության մեջ երեւում է, որ ոչ մի կրակոց էլ չկա: Փորձագետի եզրակացությունն է այդպիսին»:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին՝ երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում, Սպարտակ Ղուկասյանը՝ հարբած վիճակում, մի խումբ ընկերների հետ, երկու մեքենայով գնացել է Սամվել Բալասանյանի տուն ու հերթական «դեբոշը» սարքել: Գյումրիի նախկին քաղաքապետի որդին եւ նրա ընկերները գոռգոռացել են, հայհոյել Բալասանյանին, սպառնացել, թե «խփել կտանք»: Տարածքի բնակիչները վախից փակել են դռները եւ հեռացել, իսկ Գյումրիի քաղաքապետը տանը չի եղել, նա այդ ժամանակ ԱՄՆ-ից վերադառնում էր Հայաստան: Բալասանյանի ընտանիքի անդամները որեւէ կերպ չեն արձագանքել Սպարտակ Ղուկասյանի հերթական «ներկայացմանը»: Ավելի ուշ այս ամենի տեսագրությունը հայտնվել է համացանցում: Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:



























