Հայաստանի Էներգետիկայի նախարարությունը չի կատարում էներգաարդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ծրագրեր զարգացնելու խոստումը: Այս մասին հուլիսի 7-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանի գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:
Նա հիշեցրել է, որ դեռեւս 2007 թվականին Հայաստանի կառավարությունը Էներգամատակարարման եւ վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագիր է ընդունել: «Ընդունելով այդ ծրագիրը՝ Կառավարությունը պարտավորվում էր նպաստել էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի իրականացմանը: Ո՞ւր են քիչ թե շատ խոշոր նման ծրագրերը, առավել եւս՝ բյուջետային միջոցներով: Կառավարությունը պարտավորվում էր նաեւ էներգետիկ համակարգի եւ ընդհանրապես տնտեսության արդյունավետության եւ կորուստների մակարդակի դիտարկում անցկացնել: Նման ծրագրեր նույնպես գրեթե չենք տեսնում»,- նշեց Մակարյանը:
Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի սակագինը 1 կՎտ/ժ-ի համար 3.85 դրամով թանկացնելու մասին որոշումն ուժի մեջ է մտնելու օգոստոսի 1-ից: Սակագինը բարձրացնելու որոշումը հասարակական կազմակերպությունների եւ ընդդիմության բողոքին էր առաջացրել:




























