Մոսկվայի պետդումայի պատգամավորները առաջարկում են արգելել վտանգավոր վարակիչ հիվանդություններով օտարերկրյա քաղաքացիների մուտքը Ռուսաստան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Մոսպետդումայի հանձնաժողովի համատեղ նիստում պատգամավորները քննարկել են դաշնային օրենքի նախագիծը, որն ընդունվել է Պետդումայում առաջին ընթերցմամբ: Այն առաջարկում է վերացնել աշատանքային միգրանտների համար քվոտաները եւ կիրառել պատենտներ տրամադրելու պրակտիկա:
«Ինձ անհանգստացնում են վտանգավոր վարակիչ հիվանդությունները: Այսօր այդպիսի հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է արտաքսվեն Ռուսաստանի սահմաններից: Սակայն այդ գործընթացը շատ բարդ է, այն բազմաթիվ գործողություններ է պահանջում», — ասել է Մոսպետդումայի պատգամավոր Լյուդմիլա Ստեբենկովան:
Ըստ նրա` հիվանդ միգրանտներին հայտնաբերելու եւ նրանց արտաքսելու գործընթացը հեշտացնելու համար անհրաժեշտ է չթողնել նրանց Ռուսաստանի տարածք արդեն սահմանին, այսինքն` կիրառել «ստոպ-թուղթ»: Բայց քանի որ միգրանտները կարող են երկիր մուտք գործել տուրիստական վիզայով, այդ ստոպ-թուղթը կիրառել նաեւ օտարերկրյա բոլոր քաղաքացիների, այդ թվում նաեւ զբոսաշրջիկների նկատմամբ:
Նա նշել է, որ վարակիչ հիվանդությունների մեծամասնությունը բացահայտվում են հենց միգրանտների մոտ, ընդ որում` նրանց ստիպված բուժում են քաղաքի բյուջեի հաշվին, որը տարեկան կազմում է 200 միլիոն ռուբլի:




























