Ադրբեջանի դատախազությունը վերջին անգամ նախազգուշացրել է Յունուս ամուսիններին: Ըստ haqqin.az-ի, Ադրբեջանի գլխավոր դատախազության արտակարգ հաղորդագրության մեջ ասվում է, որ չնայած իրավապաշտպան Լեյլա Յունուսն ու նրա ամուսին Արիֆ Յունուսը հերթական անգամ կանչվել են Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գործերով քննչական վարչություն՝ ցուցմունք տալու նպատակով, նրանք առանց հարգելի պատճառի անտեսել են հրավերը:

«Եվս մեկ անգամ հայտարարում ենք Լեյլա Յունուսի կողմից հետաքննության առջեւ պայմաններ դնելու անթույլատրելիության մասին, ինչպես նաեւ հիշեցնում ենք Ադրբեջանի Քրեադատավարական օրենսգրքի 95 հոդվածի մասին, որը վկաներին պարտավորեցնում է ներկայանալ ցուցմունք տալու համար: Լեյլա Յունուսը դիտավորյալ խուսափում է իր պարտականությունները կատարելուց»,- ասված է հայտարարությունում:

Նաեւ նշվում է, որ Լեյլա Յունուսն Ադրբեջանի քաղաքացի է եւ պարտավոր է հարգանքով վերաբերվել երկրի օրենքներին: Հակառակ դեպքում նրա հանդեպ քրեադատավարական օրենսդրության պահանջներին համապատասխան միջոցներ կձեռնարկվեն:

Հիշեցնենք, որ Յունուս ամուսինները դատախազություն են կանչվում Ռաուֆ Միրկադիրովի գործով, ով մեղադրվում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար: