Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ազատ առեւտրի ռեժիմ է գործում, եւ վրացական կողմը կձգտի, որպեսզի այդ չփոխվի: Սակայն առայժմ հայտնի չէ, թե ինչ կպահանջի Հայաստանից Մաքսային միությունը Վրաստանի առումով: Այս մասին NEWS.am-ի եւ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում ասաց Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին՝ խոսելով Եվրամիության հետ Վրաստանի ստորագրած Ասոցացման համաձայնագրից հետո հայ-վրացական տնտեսական հարաբերությունների հեռանկարների մասին:

Դեսպանի խոսքով, Հայաստանի հանդեպ Վրաստանի տարանցիկ քաղաքականությունը չի փոխվի: «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Վրաստանի եւ Հայաստանի միջեւ ազատ առեւտրի ռեժիմը ոչ միայն պահպանվի, այլեւ խորանա եւ ընդլայնվի: Մենք դրանից շատ առաջ պատրաստվել ենք եւ գիտեինք, թե ուր ենք գնում: Մենք գիտեինք Հայաստանի առաջնահերթությունների մասին, այնպես որ՝ կարող եմ ասել, որ պատրաստ ենք այդ փոփոխություններին եւ վստահ եմ, որ այդ բացասաբար չի անդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա: Մենք մեր հայ գործընկերներին չենք դնի այնպիսի իրավիճակում, ինչի հետեւանքով նրանց արտահանման ծավալները թեկուզ փոքր-ինչ կնվազեն, հակառակը, մենք պատրաստ ենք նպաստել մեր հայ ընկերների բարգավաճմանը եւ տնտեսական աճին»,- ընդգծեց Թենգիզ Շարմանաշվիլին: Երկրների տարբեր միավորումներում, դիվանագետի համոզմամբ, սեփական մաքսային քաղաքականությունն է գործում, եւ կարող են որոշ անհամապատասխանություններ լինել, բայց այդ հարցերի կարգավորման ուղիներ միշտ էլ կան:

«Երբ նախագահ Սերժ Սարգսյանը Թբիլիսիում էր, ասաց, որ մենք կարող ենք Հայաստանում ներդրումներն օգտագործել որպես ելք դեպի այն երկրներ, որոնք Եվրասիական միությունում են, եւ Վրաստանը նույնպես կարող է հայ գործարարների կողմից օգտագործվել եվրոպական շուկա դուրս գալու համար»,- հայտարարեց դեսպանը:

Հարցին, արդյո՞ք Վրաստանի եւ Եվրամիության միջեւ Ասոցացման համաձայնագրի վավերացումից հետո կբարձրացվեն հայկական ապրանքների մաքսատուրքերը, Թենգիզ Շարմանաշվիլին պատասխանեց. «Չեմ կարծում, Եվրամիությունը նույնպես չի պնդում այդ հարցում: Հակառակը, մենք դեռ չգիտենք, թե ինչ կպահանջի Մաքսային միությունը Հայաստանից մեր վերաբերյալ»: