Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության եւ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությունը նշանավորվեց եւս մեկ համատեղ իրականացվող նորարարական ծրագրով: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ծրագրի իրականացման համար ներդրել է գումար եւ տրամադրել Հայաստանում ամենաընդարձակ իր ռադիոծածկույթը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ԱԻՆ-ին տրամադրել է գերժամանակակից 100 բջջային հեռախոս (փոխանցման բարձր արագություններ եւ որակյալ տեսանկարահանում ապահովող Alcatel One Touch C5 սմարթֆոն), որոնք օգտագործվում են դեպքի վայրից ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն (ՃԿԿ) տեսապատկերային օպերատիվ տվյալներ փոխանցելու համար:
Դեպքի վայր ժամանելուն պես՝ փրկարարական խմբի անդամներից մեկն իրականացնում է դեպքի համակողմանի նկարահանում, որն իրական ժամանակի ռեժիմով ՎիվաՍել-ՄՏՍ-ի 2G, 3G եւ 3.75G/HSPA ցանցերի միջոցով փոխանցվում է ԱԻՆ ՃԿԿ: Օպերատիվ տեսակապի հաստատումը ՃԿԿ-ում ներկա գտնվող համապատասխան մասնագետներին թույլ է տալիս «գտնվել» դեպքի վայրում: Իրավիճակի եւ փրկարարական գործողությունների ամբողջական պատկեր ստանալու հնարավորությունն օգնում է ՃԿԿ-ին՝ իրավիճակի ճշգրիտ գնահատման, փրկարարական ջոկատի աշխատանքների արդյունավետ համակարգման, անհրաժեշտության դեպքում՝ ուղղորդելու, լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելու եւ այլ օպերատիվ որոշումներ կայացնելու գործում:
Բացի ճգնաժամային իրավիճակի կամ դեպքի ընթացիկ մոնիտորինգն ու վերահսկումը՝ ներդրված նոր համակարգը թույլ է տալիս նաեւ արխիվացնել դեպքի վայրից ստացված տեսանյութերը ՃԿԿ-ում գտնվող հատուկ սերվերում՝ իրականացված փրկարարական գործողությունները հետագայում համակողմանիորեն վերլուծելու, թիմային եւ անհատական ջանքերին փորձագիտական գնահատական տալու համար՝ նմանօրինակ իրավիճակներում փրկարարական գործողությունները, ինչպես նաեւ այլ ծառայությունների հետ համագործակցությունն էլ ավելի արդյունավետ եւ համակարգված դարձնելու նպատակով: Արխիվացված նյութերը նաեւ կօգտագորվեն ուսուցողական նպատակներով, ինչպես նաեւ կունենան ապացուցողական նշանակություն:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման ազգային համակարգը կատարելագործելու գործում: Բազմիցս է ապացուցվել, որ արտակարգ իրավիճակներում ադյունավետ արձագանքման համակարգի առկայությունը կարող է էականորեն նվազեցնել ու անգամ կանխարգելել բացասական հետևանքները: Արտակարգ իրավիճակների կանխարգելման նպատակով անվճար հիմունքներով ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև տրամադրել է իր մրցակցային առավելություններից հիմնականը՝ Հայաստանում ամենաընդարձակ ռադիոծածկույթը՝ 2G և 3G/DC HSDPA ցանցերով», - ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:





























