Մոտ 20 զինված կողոպտիչներ այսօր՝ հուլիսի 7-ին, Բրազիլիայի հարավ-արեւելքում հարձակվել են Samsung գործարանի վրա: AFP գործակալության հաղորդմամբ, գողացվել է 40 հազար սմարթֆոն, դյուրակիր համակարգիչներ, պլանշետներ՝ 36 մլն դոլար ընդհանուր արժողությամբ: Ոստիկանական հաշվետվությունում նշված է, որ գողոնը կողոպտիչները 7 բեռնատարի օգնությամբ են տարել:
Հաղորդվում է, որ գողերը գործարան են ներխուժել կեսգիշերն անց՝ պատանդ վերցնելով պահակներին եւ 200 աշխատակիցներին: Ականատեսները հաղորդել են, որ կողոպտիչներն ունեին գործարան մուտք գործելու անցագիր: Նրանք երեք ժամ շրջել են գործարանում եւ հստակ իմացել՝ որտեղ են գտնվում արժեքավոր ապրանքները, նշում են ականատեսները:
Samsung-ի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, եւ որ հարավկորեական ընկերությունը ակտիվորեն համագործակցում է իրավապահ մարմինների հետ, հաղորդում է «Ռոսբալտը»:




























