Հայաստանում միասնական ընդունելության քննության երկրորդ փուլում դիմորդների զգալի մասն անբավարար է ստացել: ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանն այսօր՝ հուլիսի 8-ին, NEWS.am-ին տեղեկացրեց, որ ամենից շատ անբավարար ստացած դիմորդները եղել են «Ֆիզիկա» առարկայից:

«Ֆիզիկա» առարկայից քննությանը մասնակցել է 152 դիմորդ, բացակա է եղել 11 դիմորդ, անբավարար է ստացել դիմորդների 66%-ը, միջին միավորը եղել է 6.5-ը, 20 է ստացել 1 դիմորդ: «Մաթեմատիկա» առարկայից քննություն է հանձնել 350 դիմորդ, բացակա է եղել 16-ը, անբավարար է ստացել դիմորդների 45%-ը, առավելագույն միավոր՝ 2 հոգի, միջինը եղել է 8.5 միավորը: «Հայոց լեզու», «Ռուսերեն», «Կենսաբանություն» առարկաներից 20 ստացող դիմորդ չի եղել, անգլերենից 2 դիմորդ է 20 ստացել: «Հայոց լեզու» առարկայից քննություն պետք է հանձներ 273 դիմորդ, 10-ը բացակա է եղել, 27%-ը անբավարար է ստացել: Անգելերենից անբավարար է ստացել դիմորդների 26%-ը։

Նշենք, որ այս փուլում քննություն էին հանձնում բանակից զորացրված, ինչպես նաեւ առաջին փուլում քննությանը հարգելի պատճառով չներկայացած կամ ընդհատած դիմորդները:

Արա Իսպիրյանը վստահեցրեց, որ քննական թեստերը նույն բարդության են եղել, ինչ առաջին փուլում: Նրա խոսքով՝ ցածր միավորները պայմանավորված են այն հանգամանքով, որ այս փուլում քննություն են հանձնում հիմնականում քիչ պատրաստված կամ առհասարակ չպարապած դիմորդները:

Նշենք, որ այսօր ավարտվեց միասնական ընդունելության քննության երկրորդ փուլը: Դիմորդներն այսօր քննություն հանձնեցին «Հայոց լեզու» և «Քիմիա» առարկաներից: 

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am