Հայաստանի ՊՆ N զորամասում անցած տարվա դեկտեմբերի 10-ին մահացած զինծառայող, Չինարի գյուղի բնակիչ, շարքային Վանիչկա Հովակիմյանի գործն արդեն ուղարկվել է դատարան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նրա խոսքով՝ գործն ուղարկվել է դատարան մայիսի 26-ին, այն քննվելու է Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում:
Նշենք, որ այս գործով կա 3 կալանավորված: Ժամկետային զինծառայող 19-ամյա Շմավոն Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 359-րդ հոդվածի 3-րդ մասի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում՝ զենք կամ առողջությանը վնաս պատճառելու համար հատուկ հարմարեցված այլ առարկաներ գործադրելով) եւ 182-րդ հոդվածի 1-ին մասի (շորթում) հատկանիշներով, իսկ 20-ամյա Պարույր Մկրտչյանին՝ միայն ՔՕ-ի 359-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Գործով 3-րդ կալանավորվածը վաշտի հրամանատար Արթուր Մուրադյանին, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել):
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Ինքնասպանությունից առաջ Վանիչկան զանգահարել էր հորն ու ասել, որ իրենց այլեւս չեն տեսնի։ Դեկտեմբերի 12-ին գտել են նրա թողած գրությունը. Վանիչկան գրել էր, որ ինքնասպանություն է գործում հեռախոսի պատճառով, որն ինչ-որ մեկը գողացել է ու գցել իր ուսապարկը։





























