Ֆրանսիայի Ռոն դեպարտամենտի Վիյորբան քաղաքի Հայոց ցեղասպանության հուշարձանը պղծել են: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie» պարբերականը:

Վանդալները փչացրել են երկաթատառ գրությունը, որպեսզի հնարավոր չլինի կարդալ «Ճանաչել Հայոց ցեղասպանությունը» նախադասությունը:

Հայոց ցեղասպանության հուշարձանը 2005 թվականի ապրիլի 23-ին՝ եղեռնի 90-րդ տարելիցի նախօրեին, բացել էր Վիյորբանի քաղաքապետ Ժան-Պոլ Բրեն: Այս վանդալիզմը զոհերի հիշատակի հանդեպ հերթական ոտնձգությունն է, որը կրկին բարձրացրել է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման եւ նոր օրենքի ընդունման հարցը, ինչը բազմիցս խոստացել են Ֆրանսիայի իշխանությունները: