Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հունիսի 29-ին տեղի ունեցած ավերիչ քամու հետեւանքով վնասված տանիքներն ու պատուհանները մինչեւ շաբաթվա վերջ ամբողջությամբ փոխված կլինեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
«Աշխատանքները հուլիսի 4-ից անմիջապես սկսվել են, երբ նախորդ օրը կառավարության նիստի ժամանակ տրամադրվեց 20 մլն դրամ: Բավականին աշխատանքներ արվել են արդեն. երկու օրից կավարտենք լուսամուտների փոխելը, իսկ մոտ 5 օրից էլ տանիքները: Դրանից հետո կչափագրենք եւ համապատասխան փաստաթղթերը կներկայացնենք կառավարությանը, որից հետո գումարը կտրամադրվի. Հնարավոր է՝ 20 մլն-ից ավելին լինի, կամ էլ պակաս: Դեռ գումարային հաշվարկ չի արվել»,- ասաց նա:
Անդրադառնալով վերջին երկու օրերին տեղացած կարկուտին՝ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ հուլիսի 8-ին էլ Շատջրեք համայնքում է կարկուտ տեղացել, հանձնաժողովը մեկնել է համայնք՝ պարզելու վնասի չափերը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հունիսի 29-ին Վարդենիսում ուժեղ հողմ է գրանցվել, ինչի հետեւանքով ամբողջությամբ պոկվել էին 10 տների, մանակիորեն՝ 90 տների կտուրներ, ջարդուփշուր էին եղել ապակիներ, շրջվել էր 20-ից ավելի էլեկտրասյուն, վնասվել էր նաեւ Վարդենիսի թիվ 2 միջնակարգ դպրոցի տանիքը: Հուլիսի 3-ին կառավարությունը որոշեց 20 մլն դրամ հատկացնել տուժած վարդենիսցիներին:





























