Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ անհրաժեշտ է նստել բանակցությունների սեղանի շուրջ իրավահավասար պայմանների հիման վրա, սակայն չի նշել, թե Լեռնային Ղարաբաղը պետք է անդամակցի Մաքսային միությանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Անդրադառնալով ԵվրաԱզԷՍ-ի ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպեխինի արտահայտությանն այն մասին, թե Հայաստանը Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ չդարձավ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Երեւանի կոշտ դիրքորոշման պատճառով, Վահրամ Բաղդասարյանն ընդգծել է. «Մենք Հայաստանի դիրքորոշումն այս հարցի կապակցությամբ կոշտ չենք համարում: Չեմ կարծում, որ պետք է փոխենք այն: Կարծում են, որ նախկինում գոյություն ունեցող տեխնիկական բոլոր խնդիրները լուծված են, այժմ Եվրասիական տնտեսական միության երեք անդամ երկրները քննարկում են համապատասխան համաձայնագիրը եւ մոտ ժամանակներում, ամառվա ընթացքում, տեղի կունենա նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում որոշում կընդունվի»:
Ի պատասխան այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Ղազախստանի կողմից նոր խոչընդոտների դեպքում Հայաստանն, ի վերջո, Եվրասիական տնտեսական միությանը չանդամակցի, իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը խորհուրդ տվեց համբերությամբ զինվել: «Կարճ ժամանակում պատասխաններ կտրվեն բոլոր այդ հարցերին: Ճիշտ չեմ գտնում հիմա ինչ-որ ենթադրություններ անել»,- հավելել է Վահրամ Բաղդասարյանը:





























