«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 73.2- 83.12 կիլոմետրի հատվածում՝ Ծովագյուղից մինչեւ Դիլիջանի թունելի սկիզբն ընկած Ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների պատճառով երթեւեկության դադարեցումը կուտակումներ կառաջացնի դրա փոխարեն կիրառվելիք այլընտրանքային ճանապարհին։ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում ասաց, թե տեղի ունեցող գործընթացին այս պահին դեռ ժամանակավրեպ է գնահատականներ տալը, քանի որ նախ պետք է պարզել` աշխատանքներ կատարելու անհրաժեշտությունն անհետաձգելի՞ էր, եթե` այո, այս դեպքում երկրորդ կարծիք լինել չի կարող, պետք է սկսել աշխատանքները, որովհետեւ անվտանգությունը կարեւորագույն խնդիր է, եւ անգամ եթե իր հերթին դա ծնելու է անգամ որոշակի անհարմարավետություն, բնականաբար, պետք է անվտանգությունն ավելի բարձր դասել, քան հարմարավետությունը:
Պիպոյանը, սակայն, նշեց, որ եթե հնարավորություն կար, անվտանգության հետ կապված ռիսկեր չկային, իհարկե, տեղին կլիներ աշխատանքները սկսել մի փոքր ավելի ուշ, որովհետեւ այն հիմնական ճանապարհ է եւ տարվա այս եղանակին դեպի Տավուշ տանող հիմնական ուղղությունն է:

«Անվտանգությունից բացի՝ ոչ մի այլ պատճառով արդարացված չէր լինի այս ճանապարհի երթեւեկության դադարեցումը: Ամբողջ շինարարությունը ոչ ադեկվատ գնահատականի է արժանանում, որովհետեւ ամեն տարի ասֆալտապատում են նույն փողոցը, մեր քաղաքացու մեջ ասֆալտապատում գործընթացն արդեն դիտարկվում է որպես եկամուտների, ատկատների գոյացման աղբյուր, այդ իսկ պատճառով շինաշխատանքների նկատմամբ միանգամից դրական ռեակցիա գոյություն չունի, իսկ դրա պատճառները քիչ չեն»,- ասաց նա»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում