Իրաքի իշխանությունները ՄԱԿ-ին տեղեկացրել են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից երկրի հյուսիսի լաբորատորիայից ուրան առեւանգելու մասին եւ համաշխարհային կազմակերպությանը կոչ են արել կանխել սպառնալիքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ՄԱԿ-ում Իրաքի դեսպան Մուհամեդ Ալի ալ Հաքիմի՝ կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված նամակում հաղորդվում է, որ ահաբեկիչների ձեռքում շուրջ 40 կգ ուրանի միացություններ կան: «Ահաբեկիչները միջուկային նյութերն առեւանգել են օբյեկտներից, որոնք այժմ իշխանությունների վերահսկողությունից դուրս են»:
Դիվանագետը հավելել է, որ այդ նյութերը կարող են հիմք ծառայել զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման համար: Կա նաեւ դրանք երկրից ապօրինաբար դուրս բերելու վտանգը:
ԱՄՆ-ի իրավապահ մարմինների իրազեկ աղբյուրը «Ռեյթերին» հայտնել է, որ առեւանգված ուրանն ամենայն հավանականությամբ հարստացված չէ, ուստի հազիվ թե միջուկային զենքի պատրաստման համար գործածվի:





























