Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 15-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ, որը մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: Հանրապետության Նախագահը խնդրել է փոխանցել իր անկեղծ ցավակցությունները զոհվածների հարազատներին ու մտերիմներին եւ շուտափույթ ապաքինման մաղթանքները բոլոր տուժածներին:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, Մոսկվայի մետրոյի Արբատո-Պոկրովյան գծի ռելսերից դուրս են եկել երեք վագոններ, վթարի հետեւանքով, նախնական տվյալներով, 19 մարդ է զոհվել, առնվազն 150-ը վիրավորվել են:  Մահացածների թվում են նաեւ վթարի ենթարկված գնացքի մեքենավարը:

Վիրավորներից երկուսը հայեր են:

Վթարի փաստով քրեական գործ է հարուցվել «Տրանսպորտային անվտանգության ոլորտում պահանջների խախտում» հոդվածով: