Smart-ի նոր սերնդի շնորհանդեսին նվիրված միջոցառման ժամանակ ընկերության ղեկավարները բարձրաձայնել են նաեւ ապագայի որոշ ծրագրերի մասին: Օրինակ՝ հայտնի է դարձել, որ Smart-ը չի ծրագրում վերադարձնել երկդռնանի Roadster սպորտային մեքենան, փոխարենը կարող է «crossover» մշակել:
Smart-ի ղեկավար Անեթ Վինկլերը հայտարարել է, որ սպորտային ռոդսթերն այնքան էլ հարմար չէ բիզնեսի համար: Բոլորը ցանկանում էին նման ավտոմեքենա ունենալ, բայց ոչ ոք չէր ձգտում վճարել դրա համար: Այդպիսով, ըստ Vesti.ru-ի, ապրանքանիշի ղեկավարը հերքել է ավելի վաղ տարածված լուրերն այն մասին, որ Daimler-ի եւ Renault-ի համատեղ աշխատանքը հիմք կդառնա նաեւ այդ մեքենայի ստեղծման համար:
Նախնական ծրագրերի համաձայն, Smart-ի մոդելային շարքում կարող է նաեւ «crossover» հայտնվել: Mini ապրանքանիշի Countryman-ի օրինակով գերմանական ընկերությունը կարող էր մշակել իր ամենախոշոր մոդելը, որը կարող էր մրցակցել հենց Countryman-ի, ինչպես նաեւ Nissan Juke-ի եւ Renault Captur-ի հետ: Սակայն Անեթ Վինկլերը հրաժարվել է հաստատել այդ տեղեկությունը, չնայած նաեւ չի հերքել այն:
Նրա խոսքով, հիմա Smart-ի հիմնական առաջնահերթությունը մնում է շուկայում իր նորույթների՝ Fortwo-ի եւ Forfour-ի առաջխաղացումը: «Այդ թիվ մեկ մարտավարությունն է»,- հայտարարել է Անեթ Վինկլերը:





























