Հայաստանում Եվրամիության երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարները ողջունում են հեռարձակման ոլորտը կարգավորող օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը հասարակական քննարկումների առարկա դարձնելու կառավարության պատրաստակամությունը: Այդ մասին ասված է Հայաստանում ԵՄ անդամ երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների անունից Հայաստանում Եվրամիության պատվիրակության տարածած հայտարարության մեջ:

Դիվանագիտական ներկայացուցիչները ողջունում են նաեւ փաստը, որ ներկայումս քննարկվող տեքստում արդեն իսկ տեղ են գտել որոշ դրական փոփոխություններ, որոնք համահունչ են Եվրոպայի խորհրդի, քաղաքացիական հասարակության եւ ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի առաջարկներին:

«Օրենքը միջազգային չափանիշներին էլ ավելի համապատասխանեցնելու նպատակով, որն իր հերթին կհանգեցնի Հայաստանում մամուլի բազմակարծության եւ բազմազանության ընդլայնմանը, ԵՄ առաքելությունների ղեկավարները  խրախուսում են կառավարությանը եւ օրենսդիրներին` սերտորեն շարունակել աշխատանքները քաղաքացիական հասարակության, Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ փորձագետների հետ»,- նշել են նրանք:

Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովը քննարկում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը: