«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ կազմակերպությամբ,  ս.թ. հունիսի 25-ից, Տիգրանակերտի  հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր,  Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ, վերսկսվել են Արցախի Տիգրանակերտի պեղումները:

ԼՂՀ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունից հայտնում են, թե հնագիտական աշխատանքներն  ընթանում են երեք հիմնական տեղամասերում` Ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատ, Անտիկ առաջին թաղամաս եւ Վաղքրիստոնեական հրապարակի հյուսիսային բակ: Պեղման ներկա մակերեսը կազմում է մոտ 500 քառակուսի մետր, միջին խորությունը`2,5 մետր:

Տիգրանակերտում արդեն արձանագրվել է առաջին ու ամենակարեւոր հայտնագործությունը, որը նորաբաց երկրորդ եկեղեցու արեւելյան խորանի տակ պեղվող վաղքրիստոնեական դամբարանն է: Այն ունի արեմուտք-արեւելք ուղղվածություն, համարյա քառակուսի դամբանասրահ, թաղակապ ծածկ, հյուսիսային եւ հարավային պատերի մեջ ներկառուցված են մասունքները տեղադրելու հատուկ երկայնական խորշեր:  Ողջ կառույցն իրականացված է սրբատաշ մեծ բլոկներով՝ ամուր կրաշաղախի օգնությամբ: Հուշարձանը թերեւս Աղցքի արքայական դամբարանի եւ Ամարասի Գրիգորիսի դամբարանից հետո նման լավ պահպանված երրորդ կառույցն է հայ` վաղքրիստոնեական մշակույթում:

Պեղումների արդյունքները հնարավոր կդարձնեն վավերացնել այս տիպի կառույցի մի նոր հորինվածք, ինչպես նաեւ փաստագրել եւ պատմական իրական հիմքերի վրա դնել 5-րդ դարի երկրորդ կեսի Հայաղվանքի արքա Վաչագան Բարեպաշտի կրոնական ռեֆորմի իրական ընթացքն ու մանրամասները:

Կարեւորելով դամբարանի հայտնաբերումը` ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչությունը քննարկում  է նորահայտ հուշարձանի ամրակայման եւ կոնսերվացման աշխատանքների հնարավորությունը: