ԼՂՀ Մարտունի շրջկենտրոնը մայրաքաղաք Ստեփանակերտին կապող 40 կմ երկարությամբ շրջանցիկ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները գրեթե ավարտված են: 7 կմ-անոց ճանապարհահատվածի ասֆալտապատումը նախատեսվում է իրականացնել հաջորդ տարի։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԼՂՀ քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ Պավել Նաջարյանը:

Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ շրջանցիկ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները սկսվել են 3 տարի առաջ։

«Աշխատանքներն ավարտին հասցնելուց հետո կունենանք միջազգային չափանիշներին համապատասխան ավտոճանապարհ՝ ապահովված ջրահեռացման համակարգով, ճանապարհային նշագծումներով, նշաններով ու կողնակներով»,- հավելել է Պավել Նաջարյանը:

Հավելենք, որ ներհանրապետական կարեւոր նշանակության այս ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են Արցախի պետբյուջեի միջոցներով: