Այսօր՝ օգոստոսի 5-ին տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Արա Հարությունյանը: Գործադիրը նիստում հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե ըստ այդմ՝ նախկին որոշումներից մեկում արված փոփոխությամբ առավել պահանջվող մասնագետների հետ 3 տարի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերը կփոխարինվեն 5 տարի ժամկետով՝ նպատակ ունենալով անվճար տեղերի շրջանակներում ուսումնառած ուսանող-շրջանավարտների գիտելիքներն ու մասնագիտական ունակությունները հնարավորինս ծառայեցնել երկրին:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ նախատեսվում է նաեւ պայմանագրի պահանջների խախտման դեպքում ուսանող-շրջանավարտի կողմից պետական բյուջե փոխհատուցել պետության կողմից վերջինիս համար ծախսված գումարը եւ սահմանել տույժ՝ ծախսված գումարի 30 տոկոսի չափով:
ԼՂՀ կառավարությունը սահմանել է նաեւ աշխատանքի տոնավաճառի կազմակերպման կարգը. կապահովվի գործատու-աշխատանք փնտրողի անմիջական կապը` սրանով նպաստելով զբաղվածության խնդրի լուծմանը:
Կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել ԼՂՀ նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա եւ հեռակա ուսուցման գալիք ուստարվա մասնագիտությունների ցանկում` պարարվեստ եւ պարի ուսուցում մասնագիտությունների համար հատկացնելով 10-ական անվճար տեղեր:
Կառավարությունը փոփոխություն է մտցրել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` համապատասխան բուհերում ուսուցումը շարունակելու կարգում: Ըստ դրա գնահատման 10 միավորանոց համակարգում 7 եւ ավելի միջին միավոր ունեցող շրջանավարտներին իրավունք կտրվի ուսուցումը շարունակել բուհերում: Հաստատվել է նաեւ այն միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների եւ դրանց մասնագիտությունների ցանկը, որոնց գծով թույլատրվում է շրջանավարտների տեղափոխում բուհեր:
Երկրի կառավարությունը հավանության է արժանացրել ԼՂՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ եւ պետական կրթաթոշակ տրամադրելու կարգը:
Կառավարության նիստում ընդունված մի շարք որոշումներ վերաբերել են ոստիկանության ծառայությանը. հոկտեմբերի 1-ից ԼՂՀ ոստիկանության ծառայողները կանցնեն նոր համազգեստի:




























