Ռուսաստանն ամեն բան անում է, որ զորք տեղադրի, բայց դա ոչ թե մաքսային կետ տեղադրելով է անելու, այլ հակամարտություն հրհրելով: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշեց ԱԳ նախկին նախարար, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Պարոն Արզումանյան, սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանը կարծես հրաժարվել է իր կոմպլեմենտար քաղաքականությունից եւ ամբողջությամբ ներգրավվել Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում, կամ առնվազն նման մտադրություն է հայտնել: Շատերն ասում են, որ դրանով Հայաստանն իր անկախության վերացմանն ուղղված առաջին քայլն է արել: Իրակա՞ն եք համարում այդ պնդումը, թե դրանում չափազանցություն կա:
Իրականում կա վտանգ. մենք զիջում ենք մեր անկախության զգալի մասը, բայց մյուս կողմից ի սկզբանե, իմ խորին համոզմամբ, այս Մաքսային միությունը, Եվրասիական տնտեսական միությունը ավելի շատ համարում եմ Պուտինի PR ակցիա, որովհետեւ չեմ կարծում, որ այն ապագա ունի: Այն ինչ ստորագրեցին ԵՏՄ-ի հիմնադիրները, իրականում Ղազախստանի եւ Բելառուսի պնդմամբ, պայմանագրից հանվեցին բոլոր քաղաքական բաղադրիչները եւ մնաց միայն տնտեսականը: Բայց դա էլ չի աշխատելու, որովհետեւ շատ իրար հակասող տնտեսական շահեր կան: Այսինքն չտեսնելով ապագա Մաքսային միությանը, ես ավելի հակված եմ կարծել, որ սա այսպես էլ նախագիծ է մնալու եւ կյանքի չի կոչվելու:
Մյուս կողմից, անշուշտ, շատերը հիմա արդարացիորեն խոսում են Հայաստանի ինքնիշխանության կորստի մասին: Սեպտեմբերի 3-ին Հայաստանի փոխարեն որոշում է կայացվել եւ Հայաստանին պարտադրել են հայտարարել այդ որոշման մասին: Ու այլեւս Ռուսաստանն է հանդես գալիս Հայաստանի անունից դրսի աշխարհի հետ բոլոր հարաբերություններում: Սա է, որ ամենավտանգավորն է: Այն տնտեսական բարիքները կամ պրոբլեմները, որ մենք կունենանք, երկրորդական են, կարեւորն այստեղ քաղաքական պահն է, ու դրանով է բացատրվում Բելառուսի ու Ղազախստանի դեմ արտահայտվելը, որովհետեւ նրանք Հայաստանը դիտում են որպես Ռուսաստանի երկրորդ ձայն այդ կառույցում: Դրա համար էլ նրանք չհամաձայնեցին, որ Հայաստանը դառնա այդ կառույցի համահիմնադիր: Եթե հիշում եք, մեզ բացատրում էին, որ մենք արագացնում ենք ՄՄ-ին անդամակցության գործընթացը, որպեսզի կարողանանք լիիրավ համահիմնադիր լինել ԵՏՄ-ում, բայց իրականում սուտ էր ասել իշխանությունը, որովհետեւ նրանք էլ գիտակցում էին, որ Ղազախստանն ու Բելառուսը չէին ցանկանա, որ Ռուսաստանը հանդես գա երկու ձայնով: Մյուս կողմից Ուկրաինայի դեպքերը ցույց են տալիս, որ վտանգված է ինքը գործընթացը, եւ այդ առումով, ես հույս ունեմ, որ Հայաստանը կխուսափի ԵՏՄ-ին միանալու ճակատագրից:
Ինչ վերաբերում է կոմպլեմենտար կամ բալանսավորված քաղաքականությանը, իրականում Հայաստանը շարունակում է այդ ուղին եւ փորձում է ամեն ինչ անել, որպեսզի պահպանի իր բարիդրացիական հարաբերությունները ԵՄ-ի հետ եւ փորձի համագործակցության ինչ-որ նոր հարթակ գտնել, բայց չխորացնի այնքան, որպեսզի չհանգեցնի Ռուսաստանի զայրույթին, որովհետեւ մենք տեսնում ենք, թե ինչպիսի դրսեւորում է ունենում Ռուսաստանի զայրույթը:
Հայաստանը խուսանավման փուլում է եւ պարտադրված է ունենալ հավասար հարաբերություններ եւ Եվրոպայի հետ, եւ Ռուսաստանի՝ գիտակցելով թե ՌԴ-ի կարեւորությունը, թե մեծ հայկական համայնքի առկայությունն այդ երկրում, թե Ռուսաստանի անկանխատեսելի, կայսերապաշտական ուժերի թելադրանքով հնարավոր գործողությունները: Դա մենք միշտ պետք է հաշվի առնենք, նաեւ պիտի հաշվի առնենք, որ մենք, ի վերջո, եվրոպական արժեքներ կրող ժողովուրդ ենք, եւ մեզ ավելի համահունչ է այն տիպի պետություն կառուցելը, որպիսիք գործում են ԵՄ-ում:
Նշվում է նաեւ, որ Մաքսային միության անդամակցությունը Հայաստանի համար անվտանգության խնդիր է լուծում: Կա՞ նման բան, թե սա միֆ է:
200 տարի, ինչ մենք մտել ենք Ռուսաստանի նախ կայսրության կազմի մեջ, հետո փոխանցվել ենք խորհրդային կայսրությանը, մեզ հրամցվել է այն, որ եթե ռուսները դուրս գան Կովկասից, թուրքերը հայերին կոչնչացնեն: Եւ բերվում են Ցեղասպանության օրերը որպես օրինակ: Ռուսաստանն այսօր Հայաստանին ստիպել է, որ իր ողջ անվտանգությունը հանձնի իր տիրապետությանը եւ մեզ կախման մեջ է պահում: Բայց իրականում Հայաստանն արձանագրել է հաղթանակներ այն ժամանակ, երբ Ռուսաստանը չի խառնվել մեր գործերին: Շատ վտանգավոր է ժողովրդին հայտարարել, որ առանց Ռուսաստանի մենք Ղարաբաղը չէինք ազատագրի, որովհետեւ Ղարաբաղն ազատագրվել է ի հեճուկս Ռուսաստանի: Մոսկվան պատերազմի առաջին տարիներին գործում էր Ադրբեջանի կողմից եւ խորհրդային բանակն անցկացնում էր «Կոլցո» օպերացիաներ, եւ հենց ռուսական բանակն է Շահումյանն ու Գետաշենը հայաթափել, որից հետո ԼՂ ինքնապաշտպանության բանակը կարողացել է հաղթանակ տանել Ադրբեջանի նկատմամբ:
Հայաստանը պետք է հիմա փորձի իր անվտանգության երաշխիքներն ընդլայնել եւ դրանով է պայմանավորված ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումը, ինչի ականատեսը մենք լինում ենք: Իմ կարծիքով, այդ հարաբերությունները շատ ավելի պետք է խորացվեն եւ արդեն իսկ կարելի է քննարկելի ռուսական ռազմաբազայի կարգավիճակը Հայաստանում, դրա անհրաժեշտությունը, կամ ռուսական զորքերի առկայությունը Հայաստանում: Այո, 1992 թվականին եղել են ինչ-ինչ պատճառներ, որ մենք պայմանագրային հիմունքներով թույլ ենք տվել, որ ռուսական սահմանապահ զորքերը աջակցեն մեր սահմանապահներին, սակայն այսօր դրա անհրաժեշտությունը, ընդհանրապես գոյություն չունի: Մենք որեւէ հարեւանի հետ հարաբերվելիս ռուսական սահմանապահի կարիքը չունենք, ոչ Թուրքիայի, ոչ Իրանի, ոչ Վրաստանի, ոչ առավել եւս Ադրբեջանի, որի հետ մենք փաստացի պատերազմական վիճակում ենք: Մենք պարտադրված ենք գործել այնպես, որ մեր տարածաշրջանը լինի ոչ թե ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի կամ Ռուսաստանի ու Արեւմուտքի կռվադաշտ, այլ համագործակցության հարթակ: Մենք ի վիճակի ենք հնարավորություններ ստեղծել, որպեսզի այդ կառույցները կարողանան համագործակցել, ինչն էլ կլինի մեր անվտանգության կարեւորագույն երաշխիքը:
Ձեր կարծիքով Հայաստանն այսօր ունի՞այնքան ինքնուրույնություն, որ կարողանա առանց Մոսկվայի հավանության քայլ անել դեպի եվրոպական ինտեգրում, թե՞ արդեն անցել ենք այն սահմանը, որից հետո ինքնուրույն քայլերի իրավունքն ամբողջությամբ զիջել ենք Մոսկվային:
Մենք հիմա անդունդի եզրին ենք, կանգնած ենք մեր ինքնուրույնությունն ամբողջությամբ կորցնելու վտանգի առջեւ եւ պետք է հետեւություն անենք. ի վիճակի ենք, թե ոչ, մեր ժողովուրդը պետք է որոշի: Այո, մեր իշխանությունները, լինելով ոչ լեգիտիմ, որոնց վրա ցանկացած ճնշում կարելի է բանեցնել, գնում են ցանկացած զիջումների եւ քայլ առ քայլ հանձնում են դիրքերը: Այստեղ միայն անվտանգության հարցը չէ, տնտեսական անվտանգությունն էլ է հարցականի տակ: Հայաստանի էներգետիկ համակարգն այսօր 100 տոկոսով գտնվում է Ռուսաստանի տնօրինության տակ, ընդ որում 43 տարով: Հայաստանն ամեն ինչ զիջում է Ռուսաստանին եւ եթե մենք ուզում ենք մեր պետականությունը շարունակվի, որ այս տարածաշրջանում գոյատեւենք որպես ազգ, ոչ թե լինենք սփյուռք ցրված ամբողջ աշխարհում, մենք այսօր պարտավորված ենք մեր արժանապատվությանը հարիր քայլեր անել, պահանջներ առաջ քաշել մեր գործընկերների առջեւ, եթե իհարկե, նրանք գործընկեր են: Իսկ եթե ոչ՝ մենք պետք է հետեւություն անենք, որ դա թշնամական երկիր է: Աստեղ կամ-կամ-ի, ճակատագիր որոշելու խնդիր է: Սեպտեմբերի 3-ից հետո մենք քայլ առ քայլ զիջում ենք մեր բոլոր հնարավորությունները, բայց դեռեւս կա դրական բան, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում որեւէ զիջում ես դեռ չեմ արձանագրել եւ կարծում եմ, մեծ պոտենցիալ կա այդտեղ հարաբերությունները խորացնելու: Ցավոք, մենք դեռ չենք կարող ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց բարձրացնել, որովհետեւ հասարակությունն էլ դեռեւս պատրաստ չէ դրան, բայց պետք է քննարկել այդ հարցերը, դրանք դարձնել դիսկուրսի թեմա, իսկ ապագայում կարող է, ինչու ոչ, մեզ համար ավելի նախընտրելի լինի այլ համակարգին անդամակցությունը:
Արգենտինայում Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ հայ ժողովուրդն անհանգստացած է Մոսկվայի կողմից Ադրբեջանին զինելու հարցով, «մեսի՞ջ» էր ուղղված Ռուսաստանին, թե ներքին օգտագործման համար արված հայտարարություն: Գուցե Հայաստանը անվտանգության այլ երաշխավորնե՞ր է փնտրում:
Հայտարարությունն իսկապես ուշացած էր, բայց դրական է, որ այն, ի վերջո, արվեց, եւ այդ մեսիջը մեկ ուղղությամբ չէր: Սա պատգամ էր ողջ աշխարհին: Որքան էլ կախման մեջ լինի տվյալ երկրի իշխանությունը, որքան էլ լեգիտիմության հետ խնդիր ունենա, այդուհանդերձ, նա պետք է հաշվի նստի իր քաղաքացիների մոտեցումների հետ, իսկ մեզ համար Ղարաբաղի եւ Հայաստանի սահմանների անվտանգությունը համար մեկ կարեւորագույն խնդիրն է: Երբ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը զանգվածային ոչնչացման զենք է մատակարարում Ադրբեջանին, որով կարող են ուղղակի Գյանջայից ռմբակոծել Ստեփանակերտը, այդ մտահոգությունը հասարակության մեջ ուժգնանում է եւ այդ առումով Սերժ Սարգսյանն այդ պատգամը նախ Ռուսաստանին է հասցեագրում, եւ հասկացնում, թե ինչով էր պայմանավորված իր որոշումը՝ կասեցնել եվրաինտեգրման գործընթացը եւ իր կամքին հակառակ ներգրավվել Մաքսային միության անդամակցության գործընթացում: Այստեղ, փաստորեն, Սերժ Սարգսյանը քողարկված, բայց ասում է, որ մեր վրա կա ճնշում: Սա բավականին ողջունելի է, թեեւ մենք բազմիցս ականատես ենք եղել, երբ իշխող մեծամասնությունը մեկ օրում ամբողջությամբ փոխում է իր տեսակետը. սեպտեմբերի 2-ին խոսում է միայն եվրաինտեգրման մասին, իսկ 3-ին պաշտպանում է ՄՄ-ին ինտեգրվելու որոշումը: Այսօր մի շարք բարձրաստիճան ՀՀԿ-ականներ խոսում են այդ մտահոգության մասին, որ ՌԴ-ն զենք է մատակարարում Ադրբեջանին, որը միգուցե դրական թեմա է քննարկելու համար:
Ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ անընդհատ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին եւ ԵՏՄ-ին հետաձգվում է: Սա զուտ տեխնիկական խնդիրներո՞վ է պայմանավորված, թե վերաբերմունք է Հայաստանի պետության նկատմամբ: Եթե վերաբերմունք է ՀՀ-ի հանդեպ, ապա ո՞րն է դրա մեսիջը:
Սա ամբողջովին քաղաքական գործընթաց է: Ընդհանրապես Ռուսաստանը վերջին տարիներին միայն քաղաքական շահով է առաջնորդվում: Տեխնիկական հարցերը հնարավոր է, ի վերջո, լուծել մեկ օրվա ընթացքում, ինչպես Ռուսաստանը հաճախ անում է: Այդ երկիրը 10 տարի բանակցում էր Չինաստանի հետ գազի սակագնի հարցում եւ տեխնիկական պատճառներով ոչ մի առաջխաղացում չէր արձանագրվում, բայց բավարար էր քաղաքական որոշումը կայացնել եւ անմիջապես մեկ օրում Պեկինում ստորագրել այդ պայմանագիրը, որովհետեւ դա Ռուսաստանին քաղաքական իմաստով անհրաժեշտ էր: Նույնը եղավ ԵՏՄ-ում, երբ այդ պայմանագրի տեքստում խոչընդոտում էին բազմաթիվ տնտեսական հարցեր, որոնք որոշ չափով սահմանափակում էին Բելառուսի եւ Ղազախստանի հնարավորությունները, բայց նորից մեկ օրվա ընթացքում որոշում կայացվեց բոլոր այդ հարցերը անտեսել եւ դնել բոլորի համար ընդունելի միայն տնտեսական բովանդակությամբ մի տեքստ: Նույնը Հայաստանի պարագայում է, ակնհայտ է, որ սպասելիքներ կան եւ ակնհայտ է, որ Հայաստանը պատրաստ չէ գոնե թղթի վրա ընդունել այնպիսի հիպոթետիկ հնարավորություն, որ մաքսակետ լինի Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ: Դա քաղաքական ինքնասպանությանը համարժեք քայլ կլինի:
Այսինքն պայմանագրի ստորագրումը ձգձգվում է մաքսակետի հնարավոր տեղադրմա՞ն պատճառով, թե Մոսկվան ցանկանում է Հայաստանի հետ մեկտեղ նաեւ Ադրբեջանին ընդգրկել ՄՄ-ի կազմում, դրա համար ձգձգում է Հայաստանի անդամակցությունը:
Եթե առաջ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղն էր որպես մանրադրամ օգտագործում իր հարաբերություններում, հիմա Հայաստանը դարձել է երկրորդ մանրադրամը: Ադրբեջանի հետ ռուսական տնտեսական քաղաքական մերձեցման ողջ սպեկտրում մենք օգտագործվում ենք որպես մանրադրամ եւ դրանով է բացատրվում, որ սա զուտ քաղաքական հարց է: Կա Ադրբեջանին սիրաշահելու եւ Ադրբեջանի հետ երկարաժամկետ խնդիրներ լուծելու, այդ թվում Մաքսային միության կազմում ներգրավելու հնարավոր ծրագրեր, եւ այս ընթացքում Հայաստանի հետ գործընթացը պիտի սառեցվի: Այսինքն պիտի հնարավորություն տրվի Ադրբեջանի հետ բանակցություններն ավարտին հասցնել: Այ պարագայում էական չէ, թե ինչ առիթ կօգտագործվի, մաքսակետի գաղափարը, թե մեկ այլ տնտեսական խնդիր: Դա ընդամենը գործիք է գործընթացը երկարաձգելու համար: Ռուսաստանը եթե շահագրգռված լիներ, որ Հայաստանն այս պահին անդամակցեր ՄՄ-ին, մաքսակետի անունը որեւէ մեկը չէր տա: Դա կանտեսվեր այնպես, ինչպես նախկինում միշտ անտեսվել է այլ կառույցների կողմից: Բոլորի համար ակնհայտ է, որ Հայաստանն ու Ղարաբաղը միասնական մաքսային տարածք են եւ ողջ աշխարհը աչք է փակել այդ փաստի վրա, այդ թվում Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը: Այն ինչ Աստանայում ասաց Նազարբաեւը ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ Հայաստանը ԱՀԿ-ին անդամակցելիս որեւէ քաղաքական խնդիր չի ունեցել, այդ թվում երկրի սահմանների ճշգրտման հետ կապված:
Հնարավո՞ր է, որ մաքսակետ դնելով Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ, Ռուսաստանը ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել այդ սահմանին:
Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Ռուսաստանն ամեն բան անում է, որ զորք տեղադրի, բայց դա ոչ թե մաքսային կետ տեղադրելով է անելու, այլ հակամարտություն հրհրելով: Ռուսաստանի հրահրմամբ է, որ այսօր մենք ամեն օր երիտասարդներ ենք կորցնում սահմաններին: Տարիներ շարունակ Հայաստան-Ադրբեջան սահմանը հանգիստ է եղել, միջադեպերը եղել են ԼՂՀ-Ադրբեջան սահմանին, իսկ հիմա զինվորներ են զոհվում Հայաստանի սահմանին: Այսօր շատերն են խոսում պատերազմի վերսկսման հնարավորության մասին, եւ իմ խորին համոզմամբ, մեր հարաբերությունները լարում է հենց Ռուսաստանը: Մոսկվայի մատը խառն է այստեղ եւ դա երկարաժամկետ նպատակներ է հետապնդում, քանի որ նա կցանկանար իրավիճակն այնքան լարել, որ անհրաժեշտ լիներ միակողմանի զորքեր մտցնել հակամարտության գոտի եւ դրանով խոչընդոտեր մեկ այլ աշխարհաքաղաքական գործընթացի, որ Իրանը իր հարաբերություններն Արւմուտքի հետ չկարողանա բարելավել, դուրս չգա պատժամիջոցների տակից եւ մնա կախյալ Ռուսաստանի նման պետությունից:
Ուկրաինայում տիրող իրավիճակը եւ զարգացումները ինչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա: ՌԴ նկատմամբ պատժամիջոցները որքանո՞վ կարող են ազդել ՀՀ տնտեսության վրա:
Այն քայլերը, որ անում է Պուտինը, ցույց է տալիս, որ նա արդեն գիտակցել է, որ այն, ինչ տեղի ունեցավ Բոինգ օդանավի հետ, ողջ Ռուսաստանի պետականությունն է վտանգում, եւ Ռուսաստանը դարձել է արդեն իզգոյ պետություն միջազգային հանրության ընկալմամբ: Այստեղ Հայաստանը պիտի գիտակցի, որ ցանկացած տնտեսական պատժամիջոց Ռուսաստանի դեմ այնուամենայնիվ ազդելու է իր վրա եւ մենք չենք կարող շահագրգռված լինել, որ լինեն այդպիսի սանկցիաներ: Մյուս կողմից դա մենք չենք որոշում եւ ակնհայտ է, որ այսօր միջազգային հանրությունը սկսել է գիտակցել, որ Մոսկվան բացի ուժից այլ լեզու չի ճանաչում: Այսօր մենք ապրում ենք նոր սառը պատերազմի իրավիճակում:
Մենք որպես փոքր պետություն, պիտի փորձենք նախ շարունակել մեր բարեփոխումների գործընթացը, նաեւ կարողանանք մեր կախվածությունը Ռուսաստանից դիվերսիֆիկացնել: Մեր առջեւ այսօր նոր հնարավորություններ են բացվում, Իրանը խոսում է մեր տարածքով գազ արտահանելու մասին: Մենք պիտի այսօր պրոակտիվ քաղաքականություն վարենք՝ գիտակցելով, որ պետք է գտնենք հնարավորություններ վաղվա հնարավոր սանկցիաներից խուսափելու համար: Բայց այստեղ մեր անելիքը չէ անցնել այս կամ այն կողմը: Փաստը, որ մենք ՄԱԿ-ում կողմ քվեարկեցինք Ղրիմի անեքսիային, դրանով ընդամենը մեր իմիջը զրոյացրեցինք, եթե որեւէ իմիջ մնացել էր: Մենք դրանով չհաճոյացանք Ռուսաստանին, բայց փոխարենը կորցրեցինք մի շարք գործընկերների: Նույնը հիմա է, բարձրաձայն պաշտպանել Ռուսաստանի դիրքորոշումը, կարծում եմ միայն կնպաստի Հայաստանի էլ ավելի վարկաբեկմանը միջազգային ասպարեզում: Իսկ այն, որ Արեւմուտքում քայլ առ քայլ կոնսենսուս է ձեւավորվում ՌԴ նկատմամբ պատժամիջոցների հարցում, ակնհայտ է: Նույնիսկ Ճապոնիան միացավ սանկցաներին, ինչը նորություն է: Դա ազդում է Ռուսաստանի վրա եւ եթե ուշադրություն դարձրեցիք, Ռուսաստանն արդեն ուղղակի ցույց է տալիս, որ համակերպվել է իրավիճակի հետ, այլեւս բան չի պահանջում Ուկրաինայից, որ այդ երկրի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի արեւելյան տարածքներում: Արդեն խոսվում է միայն այն մասին, որ արյունահեղությունը դադարի եւ երաշխիքներ տրվեն, որ ռուսալեզու բնակչության իրավունքները կպահպանվեն: Սա այն է, ինչ ասում է թե Ուկրաինայի իշխանությունը, թե Արեւմուտքը: Ռուսաստանը դեռեւս հույս ունի, որ կկարողանա Ղրիմի հարցում ապահովել Արեւմուտքի չեզոքությունը: Արեւմուտքը, կարծես, այսօր համակերպվել է Ղրիմի կորստյան հետ, բայց իրականում դա ժամանակավոր համակերպում է: Ուկրաինան եւս չի կարող այսօր Ղրիմի հարցը բարձրացնել, բայց ամեն ինչ կանեն, որ շատ արագ վերականգնեն իրենց իշխանությունն այն տարածքների նկատմամբ, որոնք այս պահին վերահսկվում են ապստամբների կողմից:





























