ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է «Քառյակ» փաթեթը, որը օպտիկամանրաթելային եւ շարժական ժամանակակից տեխնոլոգիաներով ապահովում է չորս ծառայություններ ներառված մեկ փաթեթում` չորսը մեկում սկզբունքով` IP հեռուստատեսություն, ինտերնետ, ֆիքսված եւ բջջային հեռախոսակապ:
Հեռահաղորդակցության առաջատար օպերատորի մուտքը լիովին նոր շուկայական ոլորտ բխում է ընկերության որդեգրած քաղաքականությունից, այն է՝ բավարարել կորպորատիվ եւ անհատ սպառողների աճող պահանջարկը անսահմանափակ ինտերնետի, ֆիքսված IP հեռախոսակապի եւ IP հեռուստատեսության ծառայությունների հանդեպ: Առաջին անգամ Հայաստանում վերոնշյալ ծառայություններին ավելացել է նաեւ բջջային հեռախոսակապ՝ դարձնելով առաջարկն իսկապես աննախադեպ: Շնորհիվ Հայաստանում ամենաընդարձակ ծածկույթի ցանցի իր մրցակցային առավելության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավորություն ունի ներկայացնելու լավագույն առաջարկը շուկայում՝ մեկ փաթեթում ներառելով չորս ծառայություն:
Հաղորդակցման ծառայությունների միավորումը voice-over-IP (ինտերնետային կանխագրի միջոցով ձայնային հաղորդագրությունների փոխանցման) տեխնոլոգիայի կիրառմամբ ավելի ու ավելի կարեւոր է դառնում ներկայումս: Այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ստեղծել ներքին հեռախոսակապի առանձին ցանց, որը հրաշալի լուծում է գլխամասային գրասենյակի ներսում եւ դեպի մասնաճյուղեր զանգեր կատարելու համար: Բացի այդ, voice-over-IP տեխնոլոգիան քաղաքային հեռախոսակապի ապահովման գնարդյունավետ միջոց է:
«Սա մեր արձագանքն է IP-տեխնոլոգիաներով մատուցվող համալիր լուծումների՝ աճող շուկայական պահանջարկին: Օպտիկամանրաթելային մալուխների միջոցով ապահովվող գերարագ ինտերնետի, IP հեռախոսակապի, IP հեռուստատեսության, ինչպես նաեւ բջջային կապի միավորումը մեկ փաթեթում ապահովում է հաղորդակցման տարբեր տեխնոլոգիաներից օգտվելու առավելագույն հարմարավետություն, ինչպես նաեւ տարբեր գնային սանդղակներից ընտրություն կատարելու հնարավորություն: Բացի այդ, չորս ծառայությունների ներառումը մեկ փաթեթում բաժանորդներին թույլ կտա բոլոր ծառայությունների համար վճարել մեկ կտրոնով եւ տեխնիկական հարցերի շուրջ օժանդակություն ստանալ մեկ վստահելի աղբյուրից: Առաջին անգամ չէ, որ ընկերությունը մուտք է գործում շուկայական նոր ոլորտ. այս անգամ եւս բնակչությունը հնարավորություն կունենա վայելելու նորարությունների առաջամարտիկի ծառայությունների բարձր որակը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ցանցը գործարկվել է Վահագնի թաղամասում եւ սակագնային պլանը հասանելի է թաղամասի բնակիչներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մտադիր է հետագայում ընդլայնել նոր ծառայության աշխարհագրությունը:





























