Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի դեմ հարուցված քրեական նոր գործի շրջանակում որպես վկա են անցնում խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն եւ պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին: Այս մասին տեղեկացրել է պետության նախկին ղեկավարի փաստաբան Օթար Կախիձեն: Այս անգամ երկրի գլխավոր դատախազությունը Սահակաշվիլիին մեղադրում է 2005 թվականի ամռանը Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելու գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:
Սահակաշվիլիին մեղադրանքն առաջադրվել է հեռակա, օգոստոսի 5-ին: «Մեզ փոխանցեցին ապացույցները: Եվ այնտեղ կան Բուրջանաձեի եւ Օքրուաշվիլիի ցուցմունքները, ովքեր ասում են՝ «Միշան ինձ այդ ասաց»: Նման ցուցմունք տալ կարող է ցանկացածը, ով շփվել է Սահակաշվիլիի հետ: Դրա վրա կառուցված մեղադրանքը տպավորություն է ստեղծում, որ այդ քաղաքական հետապնդում է»,- Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Կախիձեն:
Նրա խոսքով, «գործում Միխայիլ Սահակաշվիլիի մեղքի ոչ մի ուղղակի ապացույց չկա»: Թբիլիսիի քաղաքային դատարանն օգոստոսի 2-ին հեռակա Սահակաշվիլիի հանդեպ որպես խափանման միջոց ընտրել է նախնական կալանքը: Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին չի բացառում Սահակաշվիլիի հանդեպ միջազգային հետախուզում հայտարարելու հավանականությունը: Իսկ նախկին նախագահն իր դեմ հարուցված քրեական գործը «զուտ քաղաքական է» անվանել:





























