Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հերթական խորհրդակցության էր հրավիրել պտուղ-բանջարեղեն վերամշակող եւ արտահանող ընկերությունների ներկայացուցիչներին` քննարկելու առկա հրատապ խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:

Ողջունելով հյուրերին, նախարարը նշել է, որ ընթացիկ տարին բարենպաստ է գյուղատնտեսության համար, հատկապես, պտղի որոշ տեսակների եւ բանջարեղենի համար: Հաշվի առնելով, որ առաջիկայում Հայաստանն անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը, Սերգո Կարապետյանը հորդորել է արտահանող ընկերություններին էլ ավելի ակտիվացնել կապերը Ռուսաստանի Դաշնության հետ` ավելացնելով հայկական արտադրանքի արտահանման ծավալները:

«Ելնելով գյուղատնտեսության ոլորտում Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հրամայականից, հարկավոր է ակտիվացնել մեր համագործակցությունը ՌԴ-ի հետ, մասնավորապես, արտահանման ծավալների ավելացման տեսանկյունից, գյուղատնտեսական բոլոր արտադրատեսակների համար` սկսած պտուղ-բանջարեղենից մինչեւ միս եւ կաթնամթերք: Հատկապես այսօր, երբ Ռուսաստանի Դաշնությունն արգելել է Եվրոպական շատ երկրներից՝ Մոլդովայից, Ուկրաինայից , ինչպես նաեւ ԱՄՆ-ից սննդամթերքի մեծ տեսականու ներկրումները, մեզ համար ստեղծվել են շատ բարենպաստ պայմաններ գինիների, հյութերի, ջրերի, պտուղ-բանջարեղենի եւ դրանցից պատրաստված պահածոների, կաթնամթերքի եւ մսամթերքի արտահանման ծավալների կտրուկ մեծացման համար: Հարկավոր է Մոսկվա եւ մյուս խոշոր քաղաքներ գործուղել պատասխանատու աշխատակիցների՝ տեղում պահանջարկի ծավալների ճշգրտման եւ պայմանագրերի կնքման համար: Մեզ ընձեռված նպաստավոր պայմաններից պետք է հնարավորինս օգտվենք »,- մասնավորապես նշել է նախարարը:

Նախարարը կարեւորել է նաեւ ՌԴ-ում կազմակերպվող բոլոր ցուցահանդեսներին հայկական ընկերությունների մասնակցությունը, տեղեկացնելով, որ ս.թ. հոկտեմբերի 8-ից 11-ը Մոսկվայում անց է կացվելու Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի 75-ամյակին նվիրված գյուղատնտեսական ցուցահանդես: Սերգո Կարապետյանը խորհրդարկցության մասնակիցներին կոչ է արել ակտիվություն ցուցաբերել այդ խոշորագույն միջոցառմանը մասնակցելու ուղղությամբ, իր կողմից խոստանալով հնարավորինս աջակցել նրանց այդ խնդրում:

Խորհրդակցության ընթացքում վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են մի շարք առաջարկներ`արտահանման գործընթացը դյուրացնելու վերաբերյալ: Առաջարկվեց Առեւտրաարդյունաբերական պալատի կողմից ապրանքի ծագման սերտիֆիկատի տրամադրման ժամկետները կրճատել եւ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկնարկում է արտահանման եռուն շրջանը, այն տրամադրվի նաեւ ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաեւ նվազեցնել պահանջվող փաստաթղթերի քանակը :

Խորհրդակցության ավարտին Սերգո Կարապետյանը հանձնարարել է փոխնախարար Ռոբերտ Մակարյանին հանգամանորեն ուսումնասիրել ներկայացված բոլոր առաջարկները եւ ըստ ամենայնի աջակցել դրանց լուծման գործում: